Ժամկետանց վարկերի 0,85% ցուցանիշի վերաբերյալ վարչապետի գրառումը հերթական մանիպուլյացիան է

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 7, 24News

.

«Այսօր վարչապետ Փաշինյանը բանկերի կողմից տրամադրված վարկերի մեջ ժամկետանց վարկերի 0,85% ցուցանիշի մասով իրականացրել է հերթական մանիպուլյացիան»,- ֆեյսբուքյան իր էջում գրառել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը: Գրառումն ամբողջությամբ՝ ստորև.

«Ցավալի է մտածել, որ այդ մանիպուլյացիայի մաս է կազմում նաև կենտրոնական բանկը, որը վստահաբար տեղյակ է ժամկետանց վարկերի իրական ծավալի մասին, քանի որ ենթադրում եմ՝ թվերն իրենք են ներկայացրել։

Բանկիրները գիտեն, որ ժամկետանց վարկերը 270 օր անց դուրս են գրվում հաշվեկշռից և արդյունքում արտացոլված չեն այս ցուցանիշում։ Պատկերավոր ասած նոյեմբեր ամսվա 260 օր ժամկետանց վարկը դեկտեմբերին արդեն «ժամկետանց» չէ։ Իսկ իրականում ժամկետանց վարկերի ծավալը ավելի քան 10 անգամ ավելին է, քան նշված է վարչապետի գրառման մեջ։

Եթե բանկիր փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և ԿԲ֊ն ի զորու չեն վարչապետին ճշգրիտ տեղեկատվություն տրամադրել կամ զերծ պահել մանիպուլյատիվ տեղեկատվություն հրապարակելուց, խորհուրդ եմ տալիս վարչապետին նեղ մասնագիտական տեղեկատվությունը ճշտել նաև ոլորտի այլ մասնագետների հետ»։