Չնայած հրապարակային խոստմանը՝ Մայր Աթոռը Հանրայինից դեռ հրավեր չի ստացել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 19, 24News

l-sCDUKI3tyR

Երեկ 24Newsանդրադարձել էր այն հանգամանքին, որ Հանրային հեռուստաընկերությունը ոչ մի կերպ չի ցանկանում հյուր հրավիրել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից հոգևորականի, որը հնարավորություն կունենա պետական հեռուստաընկերության եթերում պատասխանել իշխանության կողմից հնչած մեղադրանքներին։ Մեր այս տեղեկության մասին մենք հարցում էինք արել  Հանրայինի մեկնաբան Պետրոս Ղազարյանին, որն էլ պատասխանել էր, թե «ոչ մեկ չի կարող որոշում կայացնել, ես ում հյուր կանչեմ, ում՝ չկանչեմ»։

Ավելի ուշ Պետրոս Ղազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, թե «Եսայի քահանա Արթենյանը (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական գրասենյակի ղեկավարը - խմբ.) ասում է, որ Հանրայինը եկեղեցականներին եթեր չի հրավիրում, օբյեկտիվ չենք» ու հավելել, թե «Եսայի քահանա Արթենյանին վաղը հրավիրում եմ հյուր»։

Ի պատասխան Ղազարյանի այս գրառմանը, Եսայի քահանա Արթենյանն էլ ֆեյսբուքյան էջում գրել էր, թե «Մայր Աթոռն ինքն է որոշում, թե ով պիտի ներկայացնի իր դիրքորոշումները, և այս առումով Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է, և վաղը «Հարցազրույց Պետրոս Ղազարյանի հետ» հաղորդմանը բարձրաստիճան եկեղեցականներից մեկը պատրաստ է ներկայացնել Եկեղեցու տեսակետները»։

Մեր տեղեկությունների համաձայն, մինչև հոդվածի հրապարակվելու պահը Հանրայինից չեն կապվել Մայր Աթոռի հետ ու հրավիրել եթեր։

Մերի Մանուկյան

--00—ՅՄ