Գարդման-Շիրվան-Նախիջևանը ակնկալում է՝ ԱՄՆ դեսպանը կնպաստի արցախցիների վերադարձի ժամկետի մատնանշմանը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 18, 24News

ֆֆ

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունն անդրադարձել է ԱՄՆ դեսպանի հարցազրույցին, ողջունել դեսպան Քրիստինա Քվինի աչալուրջ մոտեցումը Հայաստանի և հայ ժողովրդի առաջ ծառացած մարտահրավերներին և հույս հայտնել, որ դեսպանը նաև կնպաստի հստակ ժամկետների և միջոցների մատնանշմանը Լեռնային Ղարաբաղի բռնի տեղահանման ենթարկված հայության վերադարձի գործընթացի իրականացման համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ անդրադարձում նշված է. «Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը վերջերս լրատվամիջոցներին տրված ընդարձակ հարցազրույցում անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների խնդրին։ Դեսպանն իր խոսքում կարևոր արձանագրում է կատարել։ Նա մասնավորապես նշել է, մեջբերելով միջազգային իրավունքը, որ «նրանք, ովքեր փախել են, պետք է կարողանան վերադառնալ և ապրել ապահով միջավայրում»:

Դեսպանն իր երկրի անունից հայտարարել է, որ խստորեն աջակցում է վերադարձի իրավունքին և պատրաստակամություն հայտնել աշխատելու այլ միջազգային կազմակերպությունների հետ Լեռնային Ղարաբաղի բնակչության վերադարձը ապահովելու համար։ ԱՄՆ դեսպանը նշել է նաև, որ նախատեսվում է մշակութային ժառանգության պահպանության նախածրագրում ներառել նաև Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգության պահպանության խնդիրը։

Հայաստանում ԱՄՆ դեսպանի հայտարարությունները չափազանց գնահատելի են Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների պաշտպանության տեսակետից։ Դեսպանը նշել է, որ իրենք մշտական կապի մեջ են Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների ընտանիքների հետ՝ հասցեագրելու վերջիններիս կարիքները և ծանոթանալու առկա խնդիրներին։

«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միությունը ողջունում է ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինի աչալուրջ մոտեցումը Հայաստանի և հայ ժողովրդի առաջ ծառացած մարտահրավերներին և հույս հայտնում, որ դեսպանը նաև կնպաստի հստակ ժամկետների և միջոցների մատնանշմանը Լեռնային Ղարաբաղի բռնի տեղահանման ենթարկված հայության վերադարձի գործընթացի իրականացման համար:

Մենք, 1990-ականներին ադրբեջանական ագրեսիայի հետևանքները մեզ վրա զգացածներս, ակնկալում ենք, որ միջազգային մակարդակով բարձրաձայնվի նաև 1988-1992 թթ․ պատմական Գարդմանից, Շիրվանից և Նախիջևանից բռնի տեղահանված հայության իրավունքների վերականգնման խնդիրը։ Միջազգային իրավասու կազմակերպությունները պետք է պատասխանատվություն սահմանեին հայության էթնիկ զտումների իրականացման մեջ անմիջական ներգրավված անձանց նկատմամբ, ինչը խոշոր բացթողում է։ Արդեն ավելի քան մեկ հարյուրամյակ է, ինչ հայ ժողովրդի նկատմամբ իրականացվող հանցանքները մնում են անպատիժ՝ վերածվելով ցեղասպանածին հարուցիչների։ Հենց այդ կերպ 1905 թ․ առ այսօր մի քանի փուլով տեղի ունեցած հայկական էթնիկ զտումների պատասխանատուներից և ոչ ոք չարժանացավ միջազգային պատժի։ Բաքվի եռակի կոտորածների՝ 1905 թ․, 1918 թ․, 1990 թ․ պատասխանատուները անարգել փոխանցեցին կոտորածահեն իրենց քաղաքականությունը վերարտադրվող ավտորիտար վարչակարգերին, որոնցից վերջինն իրականացրեց նախորդների երազանքը՝ առանց հայերի տեսնել Լեռնային Ղարաբաղը, ուստի Լեռնային Ղարաբաղի հայության ապահով և միջազգայնորեն երաշխավորված վերադարձը կարող է իրապես վկայել համաշխարհային արդարադատության և մարդակենտրոն արժեքների համար պայքարի մասին»։

--00—ՍՊ