Մենք ուզում ենք, որ Չինաստանը Հայաստանին դիտարկի նաև որպես հուսալի գործընկեր ԵԱՏՄ շրջանակում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 10, 24News

photo (1)

Չինաստանը Հայաստանի կարեւոր գործընկերներից է: Երկու երկրների ջերմ հարաբերությունները վերընթաց զարգանում են եւ բազմակողմանի բնույթ կրում: Այս մասին ասել է Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Վաղարշակ Հակոբյանը մեր երկրում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆան Յոնի հետ հանդիպմանը:

Ապրիլի 10-ին կայացած հանդիպմանը մասնակցել են հանձնաժողովի անդամներ Խաչատուր Սուքիասյանը, Ագնեսա Խամոյանը, Ալեքսեյ Սանդիկովը, Իրինա Գասպարյանը եւ Շիրակ Թորոսյանը:

Վաղարշակ Հակոբյանը, խոսելով ոլորտային արդյունավետ համագործակցության մասին, նշել է. «Մեզ համար շատ կարեւոր  եւ հեռանկարային է համագործակցությունը պաշտպանության, անվտանգության եւ ՏՏ բնագավառներում»:

Հանձնաժողովի փոխնախագահի խոսքով երկու երկրների միջեւ դինամիկ զարգանում են տնտեսական հարաբերություններն ինչպես երկկողմ ձեւաչափով, այնպես էլ ԵԱՏՄ շրջանակում: Նշվել է, որ երկրների միջեւ 2023 թվականի առեւտրաշրջանառության ծավալը կազմել է 2 մլրդ 127 մլն դոլար` նախորդ տարվա համեմատ աճելով 21,3 տոկոսով:

Անդրադառնալով ԵԱՏՄ-Չինաստան հարաբերություններին` Վաղարշակ Հակոբյանը նշել է. «Մենք ուզում ենք, որ Չինաստանը Հայաստանին դիտարկի նաեւ որպես հուսալի գործընկեր ԵԱՏՄ շրջանակում: Սա մեզ համար կարեւոր է, եւ մենք կանենք ամեն ինչ` համագործակցությունն առավել արդյունավետ դարձնելու համար»:

Հանձնաժողովի փոխնախագահը կարեւորել է միջխորհրդարանական համագործակցության ձեւաչափում երկկողմ պարբերաբար շփումները, փոխայցերը:

Դեսպանը նշել է, որ հայ-չինական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 32 տարիների ընթացքում երկկողմ հարաբերությունները կայուն զարգացել են, սերտացել են ժողովուրդների միջեւ կապերը: Ֆան Յոնի խոսքով երկկողմ գործակցության շնորհիվ հնարավոր է եղել տարբեր ոլորտներում հասնել լավ արդյունքների: «Մենք կարեւորում ենք Հայաստանի հետ համագործակցությունը եւ ամեն ինչ կանենք` նպաստելու երկու երկրների խորհրդարանականների միջեւ ուղիղ համագործակցության զարգացմանը»,- ընդգծել է հյուրը:

Նա եւս խոսել է ԵԱՏՄ շրջանակում երկկողմ համագործակցության խորացման անհրաժեշտությունից: «Չինաստանը նպաստում է կանաչ տնտեսության զարգացմանը եւ պատրաստ է ներկայացնել բարեկամ երկրներին այդ փորձը»,- ասել է դեսպանը:

Հայ խորհրդարանականները խոսել են, մասնավորապես, առեւտրատնտեսական, զբոսաշրջության ոլորտներում հայ-չինական համագործակցության խորացման անհրաժեշտությունից:

Հանդիպման մասնակիցները երկկողմ համագործակցության ընդլայնման ուղղությամբ առավելագույն ջանքեր գործադրելու պատրաստակամություն են հայտնել:

--00—ՅՄ