Հայաստանի և Իրաքի նախագահները պայմանավորվել են ակտիվացնել գործարար կապերը երկու երկրների միջև

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 27, 24News 

հի

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանն ու  Իրաքի նախագահ Աբդուլ Լատիֆ Ռաշիդը Բաղդադում հանդիպման ընթացքում քննարկել են հայ-իրաքյան համագործակցության զարգացման լայն օրակարգը, անդրադարձել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ հարցերի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, Իրաքի նախագահի հետ հանդիպումից հետո ԶԼՄ-ների համար հայտարարությունների ընթացքում այս մասին ասաց ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։ 

«Մասնավորապես, կարևորել ենք Հայաստանի և Իրաքի միջև քաղաքական երկխոսության բարձր մակարդակի պահպանումը, բարձրաստիճան փոխայցելությունների և հանդիպումների շարունակականությունը, երկու երկրների միջև տարբեր ոլորտներում առկա իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը»,- ասաց Խաչատուրյանը: 

Երկու երկրների նախագահները գոհունակությամբ արձանագրել են վերջին տարիներին Հայաստանի և Իրաքի միջև առևտրաշրջանառության աճի տեմպերը՝ կարևորելով առևտրատնտեսական կապերի խորացումը և Հայաստանի ու Իրաքի միջև ներկրվող և արտահանվող ապրանքների դիվերսիֆիկացիան: 

«Պայմանավորվել ենք, որ երկու կողմերի համապատասխան գերատեսչությունները աշխատանքներ կտանեն ակտիվացնելու գործարար կապերն՝ ապահովելու Հայաստանում և Իրաքում անցկացվող տարբեր ոլորտային ցուցահանդեսներին և համաժողովներին երկուստեք ակտիվ մասնակցությունը»,- մանրամասնեց ՀՀ նախագահը: 

Հայ-իրաքյան հարաբերությունների զարգացման տեսանկյունից նախագահներն ընդգծել են Տնտեսական համագործակցության հարցերով հայ-իրաքյան միջկառավարական հանձնաժողովի դերը և գոհունակությամբ նշել, որ հանձնաժողովի՝ անցած տարի սեպտեմբերին տեղի ունեցած հերթական նիստի արդյունքներով ստորագրված արձանագրության կետերն արդեն իսկ սկսել են կյանքի կոչվել՝ նոր թափ հաղորդելով երկկողմ համագործակցությանը: 

«Կարևորել ենք Հայաստանի և Իրաքի միջև փոխգործակցության ակտիվացումը էներգետիկայի, գյուղատնտեսության, բարձր տեխնոլոգիաների, մասնավորապես, թվայնացման, էլեկտրոնային կառավարման, տեխնոլոգիական կրթության և այլ հարակից ոլորտներում, ինչպես նաև առողջապահության, կրթության, գիտության, մշակույթի և հումանիտար բնագավառներում՝ արձանագրելով վերոնշյալ ոլորտներում առկա մեծ ներուժը»,-ասաց ՀՀ նախագահը: 

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը պաշտոնական այցով Իրաքում է։ ՀՀ նախագահը հանդիպում կունենա նաև Իրաքի վարչապետ  Մուհամեդ Շիա-Ալ Սուդանիի հետ։ ՀՀ նախագահն այցի ընթացքում դասախոսությամբ հանդես կգա Բաղդադի համալսարանում։ Կայցելի նաև Էրբիլ, որտեղ հանդիպումներ կունենա Իրաքյան Քուրդիստանի շրջանի պատվավոր նախագահ Մասուդ Բարզանիի և Իրաքյան Քուրդիստանի շրջանի նախագահ Նեչիվան Բարզանիի հետ։ Վահագն Խաչատուրյանը հանդիպումներ կունենա նաև Իրաքի և Իրաքյան Քուրդիստանի հայկական համայնքների ներկայացուցիչների հետ։ ՀՀ նախագահի պատվիրակության կազմում Իրաք են ժամանել նաև գործարարներ, որոնք կմասնակցեն գործարար համաժողովի։

 --00—ԼՀ