«Ջերմուկ Գրուպը» աշխատում է նորմերին համապատասխան․ խախտումներ չեն հայտնաբերվել․ ՍԱՏՄ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 23, 24News

87

❇️ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, Ռուսաստանի Դաշնությունում արձանագրված ցավալի դեպքի հանգամանքների բացահայտմանը նպաստելու նպատակով, ստուգում է իրականացնել «Ջերմուկ» հանքային ջրի արտադրող «Ջերմուկ Գրուպ» ընկերությունում:

⏺ Ստուգման ընթացքում արձանագրվել է, որ արտադրվող սննդամթերքը նույնական է ըստ անվանման, տեսողական,  զգայորոշման և վերլուծական մեթոդով։

⏺ Հստակեցվել է, որ արտադրական շինություններում չեն պահվում սննդամթերքի արտադրության ընթացքում չօգտագործվող ցանկացած նյութ և պարագա, այդ թվում՝ լվացող և ախտահանող նյութեր, բացառությամբ արտադրական շինությունների և սարքավորումների ընթացիկ լվացման և ախտահանման համար անհրաժեշտ լվացող և ախտահանող միջոցների։

⏺ Ընդունվող հումքը համապատասխանել է դրա անվտանգության պահանջներին և ունեցել անվտանգությունը հավաստող փաստաթղթեր։

⏺ Սննդամթերքի արտադրության ընթացքում օգտագործվող պարենային (սննդային) հումքը և բաղադրիչները պահվել են այդ հումքի և բաղադրիչների փչանալը կանխարգելող և դրանց՝ աղտոտիչ նյութերից պաշտպանությունն ապահովող պայմաններում։

⏺ Ակնհայտ է դարձել, որ չի արտադրվում վտանգավոր և կեղծված սննդամթերք, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող վտանգավոր նյութեր:

⏺ Ներկայացվել են բոլոր հիմքերը, որոնք հիմնավորում են, որ «Ջերմուկ» հանքային ջրի արտադրության գործընթացների իրականացման ժամանակ, արտադրողի կողմից մշակվել, իրականացվում և պահպանվում են վտանգի վերլուծության և հսկման կրիտիկական կետերի համակարգի (НАССР — Hazard Analysis and Critical Control Points) սկզբունքների վրա հիմնված ընթացակարգերը։

✅ Ստուգման արդյունքում խախտումներ չեն հայտնաբերվել:

 --00—ԼՀ