«Պատերազմը ստիպեց վերանայել մոտեցումները»․ Մինասյանը առաջարկում է փաստահավաք հանձնաժողով ունենալ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 16, 24News

d

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը ելույթով է հանդես եկել Փաստահավաք հանձնաժողովի ձևավորման օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ հանրային քննարկմանը, որին մասնակցել են մի շարք ՀԿ-ներ:

Նախարարը նշել է, որ անկախացումից ի վեր Հայաստանի Հանրապետությունում պարբերաբար տեղի են ունեցել մարդու իրավունքների զանգվածային խախտումներ՝ զուգակցված երկրում համակարգային և քաղաքական կոռուպցիայի երևույթների կայուն առկայությամբ, ինչն ընդգծվել է մի շարք ազգային և միջազգային զեկույցներում և բազմիցս բարձրաձայնվել ու բարձրաձայնվում է հասարակական-քաղաքական շրջանակներում:

Արդարադատության նախարարն ընդգծել է, որ 2018 թվականին ՀՀ-ում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունները հող ստեղծեցին, որ նման խախտումների վերհանման, հանրայնացման, անցյալին գնահատական տալու և ինստիտուցիոնալ բարեփոխումներ կատարելու օժանդակ մեխանիզմներ ներդրվեն` որպես անցումային արդարադատության գործիքներ:

Ըստ այդմ էլ, թե՛ նախորդ Դատաիրավական բարեփոխումների ռազմավարությամբ և թե՛ նոր 2022-2026թթ. ռազմավարությամբ ամրագրվել է անցումային արդարադատության գործիքներ կիրառելու անհրաժեշտությունը: Մասնավորապես ամրագրվել է, որ Հայաստանում տեղի ունեցած մարդու իրավունքների զանգվածային և պարբերաբար կատարված խախտումների դեպքերը և դրանց պատճառները վերհանելու, խախտված իրավունքները վերականգնելուն և պաշտպանելուն ուղղված առաջարկներ ներկայացնելու համար պետք է ձևավորվի փաստահավաք կառույց:

Նախարարի խոսքով, 2020թ. հետո տեղի ունեցած իրադարձություններն՝ արտակարգ դրությունը, պատերազմը, նոր ընտրությունները, սահմանային ոտնձգությունները և նոր հասարակական-քաղաքական իրողություններն ստիպել են վերանայել որոշ մոտեցումներ: Տարբեր քննարկումներից հետո որոշվել է՝ այդ կառույցն ստեղծել Հանրային խորհրդի ներքո։

Արդյունքում Հանրային խորհուրդը ձեռք կբերի հեղինակություն, ինչպես նաև փաստահավաք հանձնաժողովն ի վերջո հնարավոր կլինի ստեղծել առանց հսկայական ռեսուրսների: Իր ելույթն ամփոփելով՝ Գրիգոր Մինասյանը նշել է, որ առանց քաղաքացիական հասարակության ակտիվ աջակցության և մասնակցության Փաստահավաք հանձնաժողովի ձևավորումը և գործունեությունը անհնար կլինեն, և ըստ այդմ անհրաժեշտ է բովանդակալից քննարկում՝ կոնսեսուսային լուծումներ գտնելու համար։

Հանդիպման շրջանակներում ՀԿ ներկայացուցիչների և նախարարության միջև տեղի է ունեցել հարց ու պատասխան։

--00—ՍՊ