Մատենադարանն արժեքավոր ձեռագրերով համալրելու համար պարգևատրվել է Տեր Ներսես ավագ քահանա Ներսիսյանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12,24News

կգմ

Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում՝ Մատենադարանում, ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայագիտության ոլորտում նշանակալի ավանդի և Մատենադարանի ձեռագիր ու արխիվային հավաքածուն արժեքավոր նյութերով հարստացնելու համար Տեր Ներսես ավագ քահանա (Վրեժ) Ներսիսյանին պարգևատրել է «Մեսրոպ Մաշտոց» հուշամեդալով: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ-ից։

ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտոր Տեր Ներսես ավագ քահանա Ներսիսյանը Մատենադարանին նվիրաբերել է բազմաթիվ արժեքավոր ձեռագրեր, որոնք ձեռք է բերել աշխարհի տարբեր երկրներից, տարբեր աճուրդներից և հավաքորդներից: Տեր Ներսես ավագ քահանա Ներսեսյանին Լոնդոնի համալսարանի «Հեյտրոպի» քոլեջը 2017 թվականին շնորհել է աստվածաբանության դոկտորի կոչում: Նա երկար տարիներ (1975-2012 թթ.) եղել է Բրիտանական գրադարանի Քրիստոնեական Մերձավոր Արևելքի բաժնի պատասխանատուն:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Մատենադարանին՝ արժեքավոր ձեռքբերման համար և նշել. «Այս օրերին կենտրոնացած ենք Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների խնդիրների և ստեղծված իրավիճակով պայմանավորված մարտահրավերների վրա, որոնց լուծման համար մեծ ջանքեր են պահանջվում: Սակայն շատ կարևոր է նաև մոռացության չմատնել պատմամշակութային արժեքների պահպանության կարևոր խնդիրը, որովհետև արժեքները նպաստում են նաև համընդհանուր դիմակայության բարձրացմանը: Մատենադարանին փոխանցվող վավերագրումներն այն կարևոր փաստերն են, որոնք ապահովում են պատմության շարունակականությունը և թույլ տալիս ապահովագրել ժառանգության պաշտպանվածությունը: Մեր այսօրվա կարևորագույն խնդիրներից է Լեռնային Ղարաբաղի տարածքում մշակութային ժառանգության պահպանությունը: Այստեղ ևս կարիք ունենք համախմբելու մեր և ոլորտում մանդատ ունեցող միջազգային կառույցների ջանքերը՝ պաշտպանելու այդ ժառանգությունը»:

Նախարարը բարձր է գնահատել Մատենադարանի և Տեր Ներսես ավագ քահանա Ներսիսյանի համագործակցությունը և շնորհելով հուշամեդալը՝ այն որակել գնահատանք՝ նրա կատարած մեծ աշխատանքին:

Մատենադարանի տնօրեն Արայիկ Խզմալյանի խոսքով՝ Տեր Ներսես ավագ քահանա Ներսիսյանի հետ համագործակցությունը տասնամյակների պատմություն ունի. 1985 թ.-ից առ այսօր շուրջ 60 ձեռագիր մատյաններ և պատառիկներ է նվիրաբերվել Մատենադարանին: Դրանք վերաբերում են ոչ միայն հայկական մշակույթին ու գիտությանը, այլև ներառում են օտարալեզու ձեռագրեր, որոնք մասնագիտական լուրջ հետաքրքրություն են ներկայացնում:

Արայիկ Խզմալյանի տեղեկացմամբ՝ Տեր Ներսես ավագ քահանա Ներսիսյանի հետևողականության շնորհիվ Մատենադարանն այսօր համագործակցում է մի կարևոր նախաձեռնության շուրջ. նախապատրաստվում է Հայաստանի սահմաններից դուրս Տեր Ներսես ավագ քահանա Ներսիսյանի՝ երբևէ հանդիպած ձեռագրերի ցուցակի հրատարակությունը:

Տեր Ներսես ավագ քահանա Ներսիսյանը շնորհակալություն է հայտնել գնահատանքի համար. «Ինչ-որ արել եմ, արել եմ լռության մեջ, իմ ողջ կյանքում չեմ փնտրել ուրիշ գործ: Կարծես թե ի ծնե սա պետք է լիներ իմ պարտականությունը. այս մտայնությամբ եմ մոտեցել գործիս: Շատ կարևոր է արտերկրում ունենալ հայկական հարուստ մշակույթը ներկայացնելու նման հնարավորություն»:

 --00--ԼՀ