Ինչ ռազմավարություն է մշակել Հայաստանը աղետների ռիսկի կառավարման համար

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

դդ

Կառավարությունը հաստատել է Աղետների ռիսկի կառավարման (ԱՌԿ) 2023-2030 թվականների ռազմավարությունը և ռազմավարության 2023-2026 թվականների գործողությունների ծրագիրը: Հայտնում են Ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից։ 

Կառավարության նիստի ժամանակ Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը ներկայացրել է ռազմավարությունը, որով սահմանվող բարեփոխումների օրակարգի տեսլականն է՝ ձևավորել անվտանգ և դիմակայուն պետություն ու անվտանգության մշակույթ՝ աղետների ռիսկից ապահովելով անհատի, համայնքի և հասարակության անվտանգությունը և նպաստելով ռիսկի գիտակցմամբ պայմանավորված կայուն զարգացմանը: Սարգսյանն ընդգծել է, որ անվտանգային մշակույթի ապահովման տեսանկյունից նպատակը ռեֆլեքսային մակարդակում աղետին արձագանքելու ունակ և անվտանգային մշակույթ կրող քաղաքացի ունենալն է:

Սահմանված տեսլականին հասնելու ճանապարհը ռազմավարական հետևյալ նպատակի իրականացումն է՝ միջազգային չափանիշներին համապատասխան, շարունակաբար զարգացող կարողունակությամբ օժտված ԱՌԿ համակարգի ձևավորում, որը կունենա՝ ա. աղետների ռիսկի նվազեցմանը, բ. օպերատիվ արձագանքմանը, գ. հետաղետային վերականգնմանն ուղղված որոշումների կայացման, դրանց իրականացման և մշտադիտարկման մեխանիզմներ:

Որոշմամբ սահմանված գերակայությունների ու գործողությունների ծրագրով ներկայացված միջոցառումների իրականացման արդյունքում ակնկալվում է՝ մինչև 2030 թվական նվազեցնել աղետներից տուժած բնակչության և զոհերի քանակը 30%-ով, իսկ պատճառած ուղղակի տնտեսական վնասը՝ 50%-ով՝ 2005-2015 թվականների համեմատությամբ։ Միաժամանակ, որոշման գործողության ծրագրով նախատեսված միջոցառումների արդյունքում մինչև 2026 թվականը արձանագրվելու են հետևյալ ցուցանիշները՝ 1) Ազգային մակարդակում աղետների ռիսկի գնահատման և ինդեքսավորման հաստատված գործիքակազմի առկայություն, 2) ԱՌԿ վերաբերյալ հանրային իրազեկման մակարդակի բարձրացում առնվազն 30% -ով, 3) Սեյսմիկ խոցելիության գնահատում անցած կարևոր նշանակության օբյեկտների խոցելիության նվազեցում առնվազն 20%-ով, 4) Համայնքների առնվազն 30%-ում ԱՌԿ պլանների առկայություն և դրանց կիրառման վերաբերյալ պարբերական մշտադիտարկում, 5) Առնվազն 384 բնակավայրերի ռիսկի գնահատում և դրա հիման վրա համայնքային զարգացման ծրագրերի լրամշակում, 6) Տավուշի, Գեղարքունիքի, Կոտայքի և Սյունիքի մարզերում տեղադրված կամ վերազինված հիդրոօդերևութաբանական ավտոմատացված 15 կայանների առկայություն, 7) Եղանակային կանխատեսումների մշտադիտարկման և տեղեկատվության տրամադրման (վաղ ազդարարման) արդյունավետության բարձրացում 60%-ով, Սյունիքի, Տավուշի և Գեղարքունիքի մարզերում սելավային ռիսկերի նվազեցում առնվազն 15%-ով, 9) Երևան քաղաքում սեյսմիկ ռիսկի նվազեցում առնվազն 15%-ով, Ագարակ և Մեղրի քաղաքային բնակավայրերի, Վանաձոր քաղաքի սեյսմիկ ռիսկի նվազեցում առնվազն 30%-ով և այլն:

Սահմանված գերակայությունները համահունչ են ՄԱԿ-ի Աղետների ռիսկի նվազեցման Սենդայի 2015-2023 գործողությունների ծրագրային գերակայություններին, իսկ արդյունքային ցուցանիշները՝ ներդաշնակեցված ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակներին։ Ռազմավարության հիմքում ընկած են նաև ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիան, Փարիզյան համաձայնագիրը և մեր ներպետական ռազմավարությունները։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հետաքրքրվել է, թե այս ռազմավարությունը տեխնիկական կանոնակարգերի և քաղաքաշինական ստանդարտների լավարկման պլան և հստակ պատասխանատուներ ունի՞, թե ոչ: Այս հարցին ի պատասխան Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը նշել է, որ ամենակարևոր ուղղություններից մեկը հենց քաղաքաշինության ոլորտի փոփոխություններն են և հավելել. «Մենք ունենք արդեն Քաղաքաշինության կոմիտեի կողմից բավական լուրջ զարգացումներ այս ոլորտի տեսանկյունից, կան բավական լավարկումներ, բայց ինչպես նշեցի՝ մեր փորձը հենված է եղել աղետներին հենց կոնկրետ արձագանքման վրա, բայց ոչ ամբողջ աղետի ռիսկի կառավարման ցիկլի վրա: Հետևապես՝ քաղաքաշինական ստանդարտները նաև այս ուղղությամբ պետք է վերանայվեն: Ընդ որում՝ ոչ միայն շենքերի որակական ասպեկտին պետք է նայենք, այլ նաև դիզայնին, որովհետև շատ ու շատ դեպքերում դիզայնը հատկապես շատ կարևոր նշանակություն ունի սեյսմակայունության և մնացած ռիսկերի կառավարման առումով: Կա հստակ դերաբաշխում Ներքին գործերի նախարարության, Քաղաքաշինության կոմիտեի և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության շրջանակում: Հիմնական ուղղորդող կառույցը կլինի Ներքին գործերի նախարարությունը, բայց պրակտիկ շատ ու շատ ուղղություններ բնականաբար ճյուղային նախարարությունների տիրույթում կլինեն»:

Այս թեմայի առնչությամբ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հավելել է. «Այստեղ ես կարծում եմ ստանդարտների բովանդակությունից զատ նաև պետք է վստահ լինեք, որ ստանդարտների պահանջների կատարման իրականացման մեխանիզմներն աշխատում են, որովհետև եթե հանկարծ ստանդարտները մնան թղթի վրա գեղեցիկ բովանդակությամբ և չիմպլեմենտացվեն՝ այդ դեպքում ռազմավարությունը կարող է նպատակին չհասնի: Խնդրում եմ այս հարցին ուշադիր եղեք»:

Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թադևոսյանն իր հերթին նշել է. «Նաև նախատեսվում է ստեղծել ազգային գեոպորտալի հատուկ բաղադրիչ, որով կարտապատկերվի նաև տարածական տվյալների համակարգում աղետների գոտիավորումը: Տարածական տվյալների իմաստով այստեղ նաև կարևոր եմ համարում ստանդարտների, թեմատիկ շերտերի ստանդարտների ընդունման փաստն արձանագրել, որովհետև մենք անցած տարի արդեն իսկ հաստատել մենք թեմատիկ և բազային շերտերի տարածական տվյալների որոշակի ստանդարտներ և մեթոդական ուղեցույցներ: Կուզենայի նաև նշել, որ Կադաստրի կոմիտեն այսօր էլ պատրաստ է, եթե մեր գործընկերն ունի արդեն իսկ որոշակի ձևաչափով հավաքագրված տարածական տվյալներ, մենք կինտեգրենք արդեն այսօր գործող Հայաստանի Հանրապետության Ազգային գեոպորտալին, որը թույլ կտա անշարժ գույքի գնորդներին արդեն իսկ ստանալ բաց, հասանելի տեղեկատվություն, թե այդ գույքը, որը պատրաստվում են գնել, որոշակի իմաստով սողանքային զոնաներին մոտիկ է, հեռու է և այլն և կողմնորոշվել նաև քաղաքաշինական հեռանկարի մասով»:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ու փոխնախարար Արփինե Սարգսյանը կարևորել են տեղեկատվական հարթակում արժանահավատ տեղեկությունների ներկայացումը, որոնք կհենվեն ժամանակակից տվյալների վրա։

--00—ՍՊ