Կապանում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունը կգործի 2024 թվականի սկզբից․ «Սպուտնիկ Արմենիա»

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28, 24News

սյ

ՌԴ արտաքին գործերի նախարարությունը նախատեսում է Կապանում գլխավոր հյուպատոսություն բացել 2024 թվականի սկզբին։ Տեղեկությունը  «Սպուտնիկ Արմենիա»-ին հայտնել է Կապանում ՌԴ գլխավոր հյուպատոսության բացման հարցերով ՌԴ ԱԳՆ առաջատար խմբի ղեկավար Անդրեյ Շոնինը։ Նա նշել է, որ այժմ աշխատակիցների համար ծառայողական և բնակելի տարածքներ են ընտրում։

Դիվանագետի խոսքով՝  ՌԴ դիվանագիտական ներկայացուցչության բացման դրդապատճառներն ակնհայտ են, Սյունիքի մարզում բավական շատ են ՌԴ քաղաքացիները` Մեղրիի սահմանապահ ջոկատի (Իրանի հետ սահմանին.– խմբ.) աշխատակիցները և նրանց ընտանիքի անդամները, ՌԴ այն քաղաքացիները, որոնք ստիպված են հյուպատոսական ցանկացած հարցով Երևան հասնել (Կապանից Երևան ճանապարհը շուրջ 5 ժամ է տևում. խմբ.)։

«Սյունիքի մարզի աշխարհագրական դիրքը, Երևանից հեռու լինելը խոսում են այն մասին, որ հյուպատոսական ներկայությունն այստեղ պարզապես անհրաժեշտություն է։ Մենք հյուպատոսություն ունենք, որը գործում է Գյումրիում, և Հայաստանի հյուսիսում ՌԴ հյուպատոսական ծառայություններ ստանալու ցանկություն ունեցողները կարող են դիմել այնտեղ, ինչը և անում են։ Նման կետ վաղ, թե ուշ պետք է բացվեր նաև այստեղ», – նշել էՇոնինը։

Նրա խոսքով` հյուպատոսարանում նույն ծառայություններն են մատուցվելու, ինչ աշխարհի ցանկացած կետում գործող այլ ռուսական հյուպատոսական հաստատությունում` նոր անձնագրերի և այլ փաստաթղթերի ձևակերպում և տրամադրում, նոտարական գործողություններ և այլն։

Շոնինի խոսքով` հյուպատոսական հարցերից բացի, ՌԴ նոր դիվանագիտական ներկայացուցչությունը զբաղվելու է նաև հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդմամբ։

Հարցին, թե ինչով է պայմանավորված այլ երկրների շահագրգռվածությունը Սյունիքում դիվանագիտական ներկայացուցչություն բացելու հարցում (դրան է պատրաստվում Ֆրանսիան, Իրանն էլ Կապանում 2022 թվականի հոկտեմբերին է հյուպատոսություն բացել), Շոնինը պատասխանել է. «Դժվարանում եմ մեկնաբանել մյուս երկրների որոշումները։ Հավանաբար, Իրանը ելնում է նրանից, որ Հայաստանի անմիջական հարևանն է, մինչև սահմանն ընդամենը 80 կմ է, և ՀՀ տարածքում իր քաղաքացիներին օգնելու ցանկությունից»։

Նա հավելել է, որ Ռուսաստանի համար հյուպատոսության բացումը կոնկրետ գործնական քայլ է` ուղղված հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդմանը, որը դիտարկվում է նաև որպես տարածաշրջանային հարցերում կայունացնող գործոն։

 Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

--00—ԼՀ