Ուրիշին պատկանող անշարժ գույքը հափշտակելու նպատակով կեղծ լիազորագիր ձեռք բերած անձինք ձերբակալվել են

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News

f641465b69e1bf_641465b69e20a.thumb_

ՔՈ ֆինանսավարկային և մտավոր սեփականության ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա իրականացված հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ մի խումբ անձինք, նախնական համաձայնությամբ, սեփականության իրավունքով ուրիշին պատկանող՝ Երևանի Բաբայան փողոցում գտնվող շուրջ 1 միլիոն դոլար արժողությամբ անշարժ գույքը խաբեությամբ հափշտակելու նախապատրաստության համար ձեռք են բերել սեփականատիրոջ անվամբ կազմված իրավաբանական նշանակություն ունեցող, իրավունք վերապահող կեղծ լիազորագիր։

Կեղծ լիազորագրով խմբի անդամներից մեկը Կադաստրի կոմիտեի Կենտրոնի սպասարկման գրասենյակից ստացել է անշարժ գույքի հատակագծերի պատճենները։ Այնուհետև նրանք պատրաստվել են նույն կեղծ լիազորագրի օգտագործմամբ, առուվաճառքի եղանակով, հափշտակել անշարժ գույքը, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներով չեն կարողացել հանցանքն ավարտին հասցնել։

Առերևույթ հանցանքի մասին կազմված պատշաճ հաղորդման հիման վրա Քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում ոստիկանության և քննչական կոմիտեի ծառայողները հայտնաբերել ու ձերբակալել են խմբի անդամներին։ Հայտնաբերվել և առգրավվել է նաև կեղծ լիազորագիրը։

Նախաքննությունը շարունակվում է։

--00—ՅՄ