Սասուն Խաչատրյանը ներկայացրել է կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի համար անհրաժեշտ գործոնները

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 27, 24News

news-slider-xGybHRbbGk

«Հակակոռուպցիոն մեդիադպրոց» թեմայով ծրագրի շրջանակներում ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանն այսօր հանդիպել է Երևանի պետական համալսարանի Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողների հետ և նրանց ծանոթացրել իր ղեկավարած կառույցի գործառույթներին, անդրադարձել կոռուպցիայի դեմ տարվող պայքարի մեխանիզմներին, ինչպես նաև այդ երևույթի շուրջ հանրային ընկալման, կոռուպցիոն և, ընդհանրապես, իրավական թեմաների լուսաբանման  առանձնահատկություններին:

Սասուն Խաչատրյանը դատաիրավական ոլորտով հետաքրքրված ապագա լրագրողներին ներկայացրել է կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի համար անհրաժեշտ մի շարք կարևոր գործոններ: Ըստ նրա՝ այսօր հակակոռուպցիոն պայքարում հաջողելու համար կարևոր է ոչ միայն իրավապահ մարմինների աշխատանքը, այլ նաև հանրության ներգրավվածությունն ու հասարակության կողմից այդ երևույթի նկատմամբ անհանդուրժողականության դրսևորումը, որի նախադրյալը հակակոռուպցիոն պատշաճ կրթությունն է:

Բանախոսության ընթացքում անդրադարձ է կատարվել նաև տեղեկատվությունը լսարանին անաչառ փոխանցելու և ԶԼՄ ներկայացուցիչների կողմից իրավական ոլորտը գրագետ լուսաբանելու անհրաժեշտությանը: Քննարկվել են լրագրողական աշխատանքի էթիկային առնչվող որոշ հարցեր, այդ թվում՝ մեծ լսարան գրավելու համար լրագրության հիմնական սկզբունքներին չհակասելու  կարևորությունը:

Ուսանողների հետ հարցուպատասխանի ժամանակ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը ներկայացրել է նաև ապագա լրագրողներին հետաքրքրող որոշ վիճակագրական և տեղեկատվական բնույթի տվյալներ նորաստեղծ կառույցի՝ շուրջ մեկուկես տարվա գործունեության արդյունքների, այդ թվում՝ կոռուպցիոն հանցագործությունների քննության, պետությանը պատճառված վնասի և վերականգնումների վերաբերյալ:

--00—ՅՄ