«Համեր»-ի վարորդի կողմից վրաերթի ենթարկված պարեկն ու ևս մեկ ծառայող ազատվել են ծառայությունից

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 17, 24News

61823d88-eabc-454d-81c9-a9eb3f49e9ad.jpg

Երեկ ծառայությունից ազատվել է Պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի վաշտի հրամանատար Ռոման Միրզախանյանը:

Այս մասին տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հաստատեցին Ներքին գործերի նախարարության ոստիկանությունից՝ նշելով, որ ծառայությունից ազատվել են պարեկային ծառայության Երևանի գնդի 2 պարեկներ:

Ըստ մամուլում տարածվող տեղեկությունների՝ Ռոման Միրզախանյանը «Համերի» վարորդի կողմից վրաերթի ենթարկված պարեկն է։

Հիշեցնենք՝ փետրվարի 10-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, Երևանի կենտրոնում «Համմեր» մակնիշի մեքենայի վարորդը կոպիտ կերպով խախտել էր ճանապարհային երթևեկության կանոնները, չէր ենթարկվել պարեկների օրինական պահանջներին, մեքենան վարել էր ոստիկանների և քաղաքացիների ուղղությամբ, վրաերթի ենթարկել նրանցից մեկին, հարվածել պարեկային ծառայության մեքենային, նրանց կյանքի և առողջության համար վտանգավոր գործողություններ կատարել: 

Մեքենայի ընթացքը կանգնեցնելու նպատակով անվադողերի ուղղությամբ գործադրվել էր հրազեն:

ՔԿ հաղորդագրության համաձայն՝ «Համեր» մակնիշի ավտոմեքենայով անցած գիշեր Երևան քաղաքի կենտրոնում խուլիգանական արարքներ կատարած և պարեկների օրինական պահանջներին չենթարկված անձը ձերբակալվել է:

ՀՀ ոստիկանությունը հրապարակել է տեսանյութ «Համմերի» վարորդի՝ Երևանի կենտրոնում կատարած խուլիգանական գործողություններից ու նրա ձերբակալումից: 

Նա Արարատ քաղաքի բնակիչ 25-ամյա Գեղամ Սահրադյանն է:

--00—ԶՀ