Միրզոյանի այցը Անկարա ոչինչ չի տալու, թուրքերի ագրեսիվ քաղաքականությունը ՀՀ-ի նկատմամբ չի թուլանալու

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 15, 24News

photo_2023-02-15_13-03-36

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի՝ այսօր Թուրքիա կատարած այցը Հայաստանին որևէ արդյունք չի տա։ Այս մասին 24News-ին ասաց ԳԱԱ ակադեմիկոս, պրոֆեսոր արևելագետ, Ռուբեն Սաֆրաստյանը։

«Ենթադրում եմ, որ Թուրքիայից հրավեր է եղել։ Եթե հրավեր եղել է, գնում է, ես դա նորմալ եմ համարում։ Կարևոր է, որ Ադիամանում փրկարար ջոկատին է հանդիպում»,- հավելեց Սաֆրաստյանը։

Թուրքագետը համոզմունք հայտնեց, որ Միրզոյանի այսօրվա այցը չի թուլացնի Թուրքիայի ագրեսիվ քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ․ «Թուրքիան է նախապատրաստել Լաչինի միջանցքի բլոկադան, թուրքական ծրագիր է, Ադրբեջանի միջոցով է դա իրականացնում։ Դեռ ավելին, Ադրբեջանը ծառայում է թուրքական նպատակների իրականացմանը տարածաշրջանում։ Թուրքիան ցանկանում է տարածաշրջանում առաջնային դիրք զբաղեցնել, Ադրբեջանին է օգտագործում իր նպատակների համար։

Թե ինչպես կփոխվի Թուրքիայի քաղաքականությունը, դժվար է ասել, սակայն որոշակի փոփոխություններ կլինեն։ Մեծ ավերածություններ են եղել։ Թուրքիային վերականգնման աշխատանքների համար մեծ ներդրումներ են պետք լինելու։ Եվ դա Թուրքիային կստիպի իր ներքին քաղաքականության վրա ավելի կենտրոնանալ և ավելի քիչ կենտրոնանալ արտաքին քաղաքականության վրա»։

Ռուբեն Սաֆրաստյանն ընդգծեց, որ տրամաբանորեն Թուրքիայի արտաքին ագրեսիվ քաղաքականությունը կթուլանա․ «Թուրքիան վերջին տարիներին իրականացնում էր այնպիսի մի քաղաքականություն, որը չէր համապատասխանում իր հնարավորություններին։ Իր գլխից ավելի վեր էր թռնում, և այդ ագրեսիվ քաղաքականությունը մեծ ռեսուրսներ էր խլում։

Օրինակ՝ եթե այդ ռեսուրսները ծախսեին ոչ թե ծավալապաշտական արտաքին քաղաքականության վրա, այլ ներքին խնդիրները լուծելու վրա, ապա իրավիճակն այլ կլիներ։ Պետք է երկրաշարժի հետևանքով ավերված շրջանների ենթակառուցվածքները զարգացնեին, մարդկանց կյանքը բարելավեին։ Դրանք Թուրքիայի հետամնաց շրջաններ են, ենթակառուցվածքները, սոցիալական ցանցը շատ վատ վիճակում են։

Մինչև երկրաշարժը, եթե միջոցներն ուղղեին նշված, այսօրվա հետևանքները չէին լինի։ Թուրքիան ինչ-որ տեղ իր այդ ծավալապաշտական, ավանտյուրայի վրա հիմնված արտաքին քաղաքականության գինն է վճարում։ Թուրքիան ուզած-չուզած իր արտաքին քաղաքականությունը կսահամափակի»։

Անդրադառնալով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի՝ Միրզոյանի այցը ողջունելու նպատակին՝ Սաֆրաստյանն ասաց․ «Եվրոպան հույս ունի, որ հայ-թուրքական հարաբերությունները կկարգավորվեն։ Ինչպես՝ Եվրոպան, այնպես էլ՝ Ամերիկան»։

Արարատ Միրզոյանն արդեն Թուրքիայում է։ Երեկ տարածված պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ Անկարայում նախատեսված է Միրզոյանի հանդիպումը Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի, Ադիյաման քաղաքում որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնող ՀՀ փրկարարական խմբի հետ։

Սերգեյ Առաքելյան

--00—ՅՄ