Գուրգեն Արսենյանի որդու՝ կրտսեր Գուրգեն Արսենյանի նկատմամբ հարուցված վարույթը կարճվել է․ «Արմենպրես»

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 7, 24News

Արսենյան

Ազգային ժողովի պատգամավոր Գուրգեն Արսենյանի որդու՝ Գուրգեն Արսենյանի նկատմամբ հարուցված քրեական վարույթը կարճվել է, հիմքը՝ հանցակազմի բացակայություն, հայտնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանին։

Նա տեղեկացրել է, որ 2022-ի դեկտեմբերի 27-ին Երևան քաղաքի Մաշտոցի պողոտա-Բյուզանդ փողոցների խաչմերուկի մոտից սառը զենք կրելու կասկածանքով ձերբակալվել և բաժին է տեղափոխվել կրտսեր Գուրգեն Արսենյանը, ում անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 2 հատ կացին և 1 հատ 16.5 սմ շեղբի երկարությամբ դանակ:

Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Հայտնաբերվածի՝ սառը զենք լինելու հանգամանքը պարզելու համար նշանակվել է քրեագիտական փորձաքննություն։

Համաձայն փորձագետի եզրակացության՝ փորձաքննությանը ներկայացված կացիններից մեկը պատրաստված է գործարանային, մյուսը՝ արհեստագործական եղանակով, դրանք ունեն տնտեսակենցաղային նշանակություն և սառը զենք չեն հանդիսանում։ Իսկ դանակը պատրաստված է գործարանային եղանակով, խոհանոցային դանակ է և սառը զենք չի հանդիսանում:

«Հաշվի առնելով, որ Գ․ Արսենյանի արարքում բացակայում են ՀՀ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցակազմի հատկանիշները, կայացվել է քրեական վարույթը կարճելու որոշում»,- ասաց Աբրահամյանը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

--00—ԼՄ