Պանդոկը՝ ԱԺ հյուրասիրությունների վայր. նոր պայմանագիր․ «Ժողովուրդ»

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News

աժ շենք

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ Ազգային ժողովը 13 մլն 500 հազար դրամի պայմանագիր է կնքել «Հայր եւ որդի Երեմյաններ» ՍՊԸ-ի հետ: Ըստ պայմանագրի՝ կազմակերպությունն իրականացրել է հյուրասիրության ծառայություններ պաշտոնական պատվիրակությունների ընդունելության համար:

Հետաքրքիր է, որ առաջին անգամը չէ, որ խորհրդարանն այս ընկերության հետ մեկ անձից իրականացվող գնումների սկզբունքով պայմանագիր է կնքում, եւ բոլորը՝ պաշտոնական պատվիրակությունների ընդունման նպատակով: Սխալված չենք լինի, եթե ասենք, որ այս ՍՊԸ-ին պատկանող պանդոկները, կարծես թե, դարձել են իշխանությունների սիրելի վայրը, եւ պատվիրակություններին հյուրասիրելու համար հենց դրանք են ընտրում:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «Երեւան» պանդոկում 13 մլն 500 հազար դրամ արժողությամբ հյուրասիրության ժամանակ մատուցվել են սառը խորտիկներ, աղցաններ, տաք խորտիկներ, ապուրներ, խավարտներ, ալկոհոլային խմիչքներ, կոկտեյլներ, տաք ըմպելիքներ, աղանդեր եւ միրգ: Նույն ընկերության հետ մեկ այլ պայմանագիրն արժեցել է 5 մլն դրամ: Այդ անգամ ընդունելությունը կազմակերպված է եղել «Պանդոկ Երեւան Գետափին»-ում եւ կրկին աչքի ընկել ճոխ հյուրասիրությամբ:

Նկատենք, որ ԱԺ օտարերկրյա պատվիրակությունները երբեմն հայկական կնունքի կամ ծնունդի են ակամայից մասնակցում պանդոկներում. մի կողմում պաշտոնական պատվիրակությունն է ճաշում՝ քննարկելու պետական կարեւոր հարցեր, մյուս կողմում «պապիկը թոռնիկի ցավն է տանում» ֆոլկլորային երգերով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--00--ԱՀ