Սա ոչ այլ ինչ է, քան պետական ահաբեկչություն և հումանիտար աղետի սպառնալիք արցախահայության նկատմամբ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News

maxresdefault

Սա ոչ այլ ինչ է, քան պետական ահաբեկչություն և հումանիտար աղետի սպառնալիք արցախահայության նկատմամբ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Գոռ Գևորգյանը։

«Չի բացառվում, որ Ադրբեջանը փորձում է արագացնել Արցախի հարցում իր ունեցած հավանական զարգացման սցենարներից մեկը: Պարզից էլ պարզ է, որ արհեստավարժ մշակված գործողությունները ադրբեջանական կողմի սոսկ հուզումնալից դրսևորներ չեն, այլ հստակ հղկված և նպատակը թիրախավորած քաղաքականություն:

Տևական ժամանակ է, ինչ Հայաստանի և Արցախի շուրջ աշխարհաքաղաքական զարգացումները նոր թափ են ստացել: Այլևս ակնհայտ է, որ ադրբեջանա-թուրքական կողմը օգտվելով մակրո-տարածաշրջանում ընթացող գործընթացներից, հընթացս փորձում են սեղմել նաև Արցախի և Հայաստանի շուրջ ստեղծված աքցանը՝ անմիջական սպառնալով Արցախի հայկական գոյությանը և Հայաստանի տարածքային ամբողջականությանը:

Ուկրաինական ճգնաժամին՝ իր բոլոր դրսևորումներով, թերևս ավելանում է նաև նորը՝ Կոսովոյի շուրջ զարգացումները, որոնք ադրբեջանական կողմը, ըստ երևույթին, համարելով որպես բարենպաստ պայման՝ դիմել է հերթական սադրանքի, և կեղծ կարգախոսների ներքո փակել է Արցախը Հայաստանին կապող ճանապարհը: Ստեղծված իրավիճակի վերաբերյալ հայկական տեղեկատվական դաշտը ողողված է մասնագիտական, և ոչ միայն, վերլուծություններով, իսկ ճգնաժամը շարունակվում է:

1936 թ. Ուինսթոն Չերչիլը իր հայտնի (W.Churchill, Step by Step 1936-1939, N.Y. 1939) աշխատությունում, քննադատում է բրիտանական հասարակությանը և կառավարության անդամներին՝ Նացիստական Գերմանիային թերահավատորեն վերաբերվելու և ակնկալվող սպառնալիքները չտեսնելու կարճատեսության մեջ:

«Նայում ես իրենց հանապազօրյա գործերով զբաղված, փողոցներում անձնական գործերով մտազբաղ մարդկանց կուտակումներին, լեփ-լեցուն ֆուտբոլային դաշտերին և կինոթատրոններին, և հարց է առաջանում, արդյո՞ք այդ մարդիկ հասկանում են մեր երկրի շուրջ ընթացող զարգացումները, թե ինչպե՞ս կարող են արտաքին ուժերը (այս դեպքում Հիտլերյան Գերմանիան) ներազդել իրենց աշխատանքի, ողջ ունեցվածքի, հաճույքների և ի վերջո երջանկության և ազատության վրա»:

Արդեն 1936 թ. Չերչիլը փաստերով և տնտեսական ցուցանիշներով ապացուցում էր Նացիստական Գերմանիայից Անգլիային սպառնացող վտանգները. գերմանական ռազմաարդյունաբերությունը այդ տարեթվի դրությամբ ամսեկան արտադրում էր ավելի քան 100 տանկ, ուներ շուրջ 4500 ինքնաթիռ, երկրով մեկ սփռված 400-ից ավել օդանավակայաններ, 700- 800.000-ի հասնող բանակ և այլն:

Ի դեպ, սա այն Գերմանիան էր, որը պարտվելով Առաջին աշխարհամարտում՝ 1919թ. ստորագրեց Վերսալի հաշտության պայմանագիրը, 1925 թ. Լոկառնոյի պայմանագրերը, այնուհետև դարձավ Ազգերի Լիգայի անդամ (այս ամենի արդյունքում Գերմանիան հայտնվել էր բազմաթիվ, այդ թվում նաև ռազմական զարգացման խիստ սահամանափակումների շրջանակներում), իսկ հետո, արդեն նացիստների իշխանության շրջանում, դիվանագիտորեն հրաժարվեց իրեն պարտադրված բոլոր վերը նշված փաստաթղթերից և անցավ սողացող էքսպանսիայի քաղաքականության իրականացմանը:

Այդպիսի իրողությունների պայմաններում, Չերչիլը ապարդյուն կերպով փորձում էր բրիտանական հանրության լայն շերտերին և իշխանություններին ապացուցել ու համոզել, որ Հիտլերյան Գերմանիայի հետ հարաբերություններում հարկավոր է պատրաստ լինել զարգացման ցանկացած սցենարի:

Անգլիացիները, մեր դատապարտելի տկարության և քաղաքական կարճատեսության հետ բախվեցին դեռ 1936 թ., իսկ հետո՝ 1939 թ. եղավ այն, ինչին արդեն ոչ միայն Անգլիան, այլև ողջ մարդկությունը բախվեց:
Իհարկե, կլինեն խոշոր մասնագետներ, ովքեր կհակադարձեն, որ դա այլ իրավիճակը է, այլ խաղացողներ և ժամանակներ, սակայն հարցադրումները և սպառնալիքները իրենց բովանդակությամբ մեր իրողությունների դեպքում ևս ակնհայտ են, եթե կուզեք, անգամ անքննելի:

Դժվարանում եմ մեր դեպքում պնդել, բայց բրիտանացիները 1939 թ-ից հետո, կարծես թե լավ են յուրացրել Գեորգ Հեգելի հայտնի ձևակերպումը՝ «Պատմությունը կրկնվում է երկու անգամ, առաջին անգամ որպես ողբերգություն, իսկ երկրորդ՝ որպես ֆարս»...

Հ.գ. «Ապավինեք Աստծուն, բայց վառոդը չոր պահեք», Օլիվեր Կրոմվել»։

--00—ՅՄ