Թեհրանում հայտարարել են Վաշինգտոնի հետ միջուկային գործարքի շուրջ շփումների մասին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 16, 24News

5

Իրանի իշխանություններն ԱՄՆ-ի հետ տեղեկատվության մշտական փոխանակում են կատարում իրանական միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ պլանի (ԳՀՀՊ) վերականգնման վերաբերյալ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում  է   «Արմենպրես»-ը, նոյեմբերի 16-ին հայտարարել Է Իրանի ԱԳՆ ղեկավար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը:

Նա նշել է, որ Իրանը մշտապես հաղորդագրություններ է փոխանակում ամերիկյան կողմի հետ, վերջին փոխանակումը կայացել է անցած 72 ժամվա ընթացքում:

«ԱՄՆ-ն մի շարք արտգործնախարարների կողմից ուղարկված հաղորդագրոթյունների միջոցով ազդարարել է, որ շտապում է ԳՀՀՊ-ի վերականգնման հարցում, սակայն ամերիկացի պաշտոնյաները լրատվամիջոցներին հարցազրույցների ժամանակ հայտարարում են, թե ԳՀՀՊն-ն Վաշինգտոնի առաջնահերթությունը չէ, և շարունակում են աջակցել Իրանում տեղի ունեցող խռովություններին», - Իրանի ԱԳ նախարարի խոսքերն է մեջբերում իրանական Tasnim գործակալությունը:

Աբդոլլահիանը շեշտել է, որ Իրանը երբեք ամերիկյան ճնշման տակ չի հատի իր կարմիր գծերը, կպաշտպանի իր ազգային շահերը և կշարունակի ջանքեր գործադրել բանակցությունների ընթացքում:

Անցյալ տարվանից Վիեննայում ԳՀՀՊ-ն ստորագրող երկրների միջև տեղի են ունեցել բազմաթիվ բանակցություններ, որոնց նպատակն է վերականգնել համաձայնագիրը և չեղարկել Իրանի դեմ տնտեսական պատժամիջոցները։

Միջուկային համաձայնագիրը կնքվել էր 2015 թվականին Իրանի և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական «հնգյակի» ու Գերմանիայի միջև: 2018 թվականին ԱՄՆ-ի նախագահի պաշտոնն զբաղեցնող Դոնալդ Թրամփը միակողմանիորեն դուրս էր եկել համաձայնագրից: Միացյալ Նահանգների գործող նախագահ Ջո Բայդենը բազմիցս հայտնել Է Թեհրանի հետ միջուկային գործարքին վերադառնալու պատրաստակամության մասին:

--00—ԻԴ