Խոսելով դաշնակիցների կողմից զենք չտրամադրելու մասին՝ Փաշինյանը հակառուսական քայլ արեց, դեմարշ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28, 24News

ե

Փաշինյանի՝ դաշնակիցների կողմից զենք չտրամադրելու մասին խոսքն ավելի շատ հակառուսական ուղերձ էր, քաղաքական դեմարշ էր։ Այս մասին 24News-ին ասաց ռազմական փորձագետ Մհեր Հակոբյանը։

Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստին ասել էր, որ հարյուր միլիոնավոր դոլարներ վճարված են, բայց Հայաստանի նկատմամբ մատակարարումների պարտավորությունները չեն կատարվում, այդ թվում՝ դաշնակից երկրների կողմից։

Փաշինյանը հավանական էր համարել այն, որ Ադրբեջանը որոշակի հաջողություններ ունի Հայաստանի դաշնակիցների հետ հարաբերությունների իմաստով, գուցե փորձում է այնպես անել, որ զենք չմատակարարվի:

Ռազմական փորձագետ Մհեր Հակոբյանի խոսքերով՝ երկրորդական է, թե քանի 100 միլիոն դոլար է վճարվել զենք մատակարարելու դիմաց։ «Մանավանդ, հաշվի առնելով Փաշինյանի խոսելու ոճը, օր.՝ «Իսկանդեր»-ի 10 տոկոս պայթելու» պատմությունը։ Առաջնայինը հակառուսական հատվածն էր, թե «Ռուսաստանը մեզ զենք չի տալիս»։

Ըստ էության, նկատի ուներ, որ Ռուսաստանը Հայաստանի թշնամիների հետ է գործում, և միջազգային դիտորդներ պետք է բերվեն։ Հարաբերություններն այնպիսին են, որ փողը տվել ես, Ռուսաստանը պահի տակ կարող է շուռ գալ ու ասել՝ «իսկ մեր հին պա՞րտքը»։ Հարաբերությունները մութ են, Փաշինյանը երբեմն այնպես է խոսում, որ վաղը մյուս օրը կարող են հակադարձել իրեն», - նշեց փորձագետը։

Հնդկական The Economic Times պարբերականը, հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, որ
Հնդկաստանը Հայաստանին շուրջ 20 միլիարդ ռուբլի կամ 244 մլն ԱՄՆ դոլարի զենք և զինամթերքի խոշոր խմբաքանակ կմատակարարի։ Նշվել էր, որ երկրների կառավարությունների միջև սեպտեմբերի սկզբից համապատասխան պայմանագրեր են ստորագրվել։ 

Ըստ պարբերականի՝ գործարքի շրջանակում ներառված են հնդկական արտադրության Pinaka համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը, ինչի արտահանումը պատմության մեջ առաջին անգամ է լինելու։ Բացի այդ, ըստ տեղեկության, Հնդկաստանը Հայաստան կմատակարարի հակատանկային հրթիռներ, այլ զինամթերք։

Հարցին՝ այս գործարքը կարո՞ղ է դժգոհություն առաջացնել Ռուսաստանում, ՀԱՊԿ-ում, Մհեր Հակոբյանը պատասխանեց, որ ոչ։ «Ռուսաստանում, ՀԱՊԿ-ում այնպիսի բարդ իրավիճակ է, որ դժգոհություն չի առաջացնի, թեև իրենց համար ցանկալի չէ։ Ուղղակի խնդիրն այն է, որ Ռուսաստանն այնպիսի խնդիրների մեջ է Ուկրաինայում, որ մեր ուզած քանակի զենք գուցե չկարողանա փոխանցել, իսկ մենք մեր անվտանգության խնդիրները պետք է լուծենք։ Այս ամեն ինչը հակառուսական և պրոարևմտյան վեկտորի մեջ պետք է դիտարկել։», - ընդգծեց փորձագետը։

Կառավարության այսօրվա նիստին Փաշինյանը, անդրադառնալով Ադրբեջանի հաճախակի ռազմական ագրեսիաներին, ասել էր, որ միջազգային գործընկերներին առաջարկում են, որ իրավիճակի լուծում կարող է լինել Հայաստան-Ադրբեջան սահմանին միջազգային դիտորդական առաքելության տեղակայումը, օրինակ՝ ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, այլ կազմակերպության։

Ըստ ռազմական փորձագետ Մհեր Հակոբյանի՝ եթե բանը հասավ դիտորդական առաքելություն տեղակայելուն, ապա Ադրբեջանի թույլ տալ-չտալուն ոչ ոք չի նայի։ «Բայց դիտորդական առաքելության տեղակայումը բարդ պրոցես է։ Ընդհանուր առմամբ այսպես ասեմ, քանի որ Ռուսաստանը և Արևմուտքը հարաբերություններում շատ են կարմիր գծերն անցնում, արդեն ատոմային զենքով են սպառնում, գուցե այս ալիքի վրա Հարավային Կովկասում Ռուսաստանին հակակշռեն՝ ինչ-որ ուժեր տեղակայելով», - եզրափակեց Հակոբյանը։

 

Սերգեյ Առաքելյան

--00—ԱՊ

Տեսանյութեր