Գագարինում ջերմոցային տնտեսության շինհրպարակ է․ Գեղարքունիքի մարզպետն է այցելել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 8, 24News

նկար

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն այցելել է Սեւան համայնքի Գագարին բնակավայրի նորակառույց ջերմոցային տնտեսության շինհրապարակ, որտեղ այժմ շինարարական ակտիվ եռուզեռ է ընթանում։ Այցի մասին նա պատմել է իր ֆեյսբուքյան էջում:

Ջերմոցային տնտեությունը հիմնվում է ՀՀ կառավարության կողմից իրականացվող «Փոքր ու միջին ջերմատնային տնտեսությունների ներդրման պետական աջակցության» ծրագրի շրջանակներում, որտեղ պետական աջակցությունը վարկի սուբսիդավորման տեսքով կազմում է 800 միլիոն դրամ։

Ջերմոցային տնտեսությունը կառուցվում է 4 հեկտարի վրա, 9 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրմամբ, որն այս պահի դրությամբ մարզի խոշորագույն ծրագիրն է: Ջերմոցային տնտեսության կառուցման մեկնարկը տրվել է 2021 թվականի օգոստոսին։

Այսօրվա դրությամբ արդեն ներդրվել է ավելի քան 6 միլիոն դոլար, որի արդյունքում ամբողջությամբ հավաքվել է մետաղական կարկասը, իսկ այժմ ընթանում են թաղանթապատման աշխատանքներ։ Առաջին երկու հեկտարի վրա կառուցված ջերմոցը կգործարկվի այս տարվա սեպտեմբերից, իսկ հաջորդ երկու հեկտարի վրա գործողը՝ 2023 թվականի հունվարի 20-ից։

Ջերմոցների շինարարության ժամանակ բացվել է ավելի քան 100 ժամանակավոր աշխատատեղ, իսկ շահագործումից հետո կունենանք 90 մշտական աշխատատեղ։ Ջերմոցում կաճեցվեն ծաղիկներ։

«Նման խոշոր ու կարեւոր ներդրումը փաստում է, որ հայրենի կառավարությունը խթանում է տնտեսության զարգացումը ներդրումների միջոցով՝ խրախուսելով մասնավոր ձեռնարկատիրությունը։ Միևնույն ժամանակ, նման կարգի ծրագրերը հուսադրում ու նպաստում են, որ մարդիկ աշխատանք գտնեն հայրենի հողի վրա, ոչ մի կերպ չմտածեն արտագաղթի կամ արտագնա աշխատանքի մասին։ Հուսով եմ, որ առաջիկա տարիներին Հրայր Աթանեսյանի օրինակին կհետևեն շատ ներդրողներ, ու էապես կփոխվի կյանքի որակը մեր մարզում»,-գրել է նա:

--00—ԼՄ

Տեսանյութեր