Վրաստան ցորենի ներմուծմամբ ՌԴ-ն առաջին տեղում է, ՀՀ-ն՝ 3-րդ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 13, 24News

Thumbnail

Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով՝ 2022 թվականի հունվար-մայիս ամիսներին երկիր ցորենի ներմուծումը նվազել է, իսկ ալյուրի ներմուծումը զգալիորեն աճել է։ Այս մասին հայտնում է Ալիք մեդիան։

Ցորեն, ալյուր, հաց արտադրողները որպես այս ամենի պատճառ նշում են Ռուսաստանից ցորենի արտահանման համար սահմանված սակագինը և ալյուրի զրոյական հարկը, ինչը ցորենի ներկրումը դարձնում է ոչ եկամտաբեր։ Արդյունքում՝ հունիսից Վրաստան խոշոր գործարանները դադարեցրել են ցորենի վերամշակումն ու ներկրումը, իսկ մի մասը սկսել է ալյուր ներկրել։

Geostat-ի տվյալներով՝ այս տարվա առաջին 5 ամսում երկիր է ներկրվել 22,8 մլն դոլարի՝ 63 հազար 006 տոննա ալյուր։ Ներմուծման այս արժեքը 1 155 տոկոսով բարձր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, իսկ ծավալային առումով աճը կազմում է 911 տոկոս։

Հատկանշական է, որ ներմուծման շուկան, որտեղից ներկրվում են հիմնական ապրանքները, ինչպես ցորենի ներմուծման դեպքում, այս դեպքում ևս Ռուսաստանն է։

Հաշվետու ժամանակահատվածում Ռուսաստանից Վրաստան է ներմուծվել 22,4 մլն դոլարի 62,321 տոննա ցորենի ալյուր։ Փոքր ծավալներով ներմուծում է կատարվել Թուրքիայից, Ղազախստանից, Իտալիայից, Լիտվայից, Ուկրաինայից, Ավստրիայից և Ֆրանսիայից։

Ինչ վերաբերում է ցորենին, ապա ընթացիկ տարվա առաջին 5 ամսում Վրաստանը գնել է 14,6 մլն դոլարի՝ 44 հազար 432 տոննա ցորեն։ Ներմուծման ծավալը նախորդ տարվա տվյալների համեմատ նվազել է 69,8 տոկոսով։

Ինչպես նախորդ տարիներին, ներմուծող երկրների շարքում առաջին տեղը շարունակում է զբաղեցնել Ռուսաստանը, թեև այս շուկայից ցորենի գնումները նվազել են։

Հիմնական ներմուծող երկրներն են.

  • Ռուսաստան՝ 37 460 տոննա՝ 12,7 մլն դոլար արժողությամբ,
  • Ղազախստան՝ 3 703 տոննա՝ 1,3 մլն դոլար արժողությամբ,
  • Հայաստան՝ 3 268 տոննա՝ 653,6 հազար դոլար արժողությամբ:

--00--ԱՀ