Նման գործընթաց չի լինելու, հակաօրինական է. Նազարյանը՝ ընդդիմությանը մանդատից զրկելու մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 12, 24News

քաղաքական

Հակաօրինական գործընթաց է, հակաօրինական վարչախմբի կողմից, վստահ եմ, որ նման գործընթաց չի լինելու, եթե նման գործընթաց սկսվի՝ հաջորդ պահից ամբողջ իշխանությունը բացի այն, որ լեգիտիմ չէ, նաև անլուրջ մարդկանց խմբակ է դառնալու»,- այս մասին 24News-ին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը:

Դիտարկմանը, թե իշխանությունը նշում է, որ բացակայությունները բավարար հիմք են գործընթացը սկսելու համար, Գեղամ Նազարյանը պատասխանեց, իսկ դավաճանությունների քանակը պատճառ չէ՞ հրաժարականներ ներկայացնելու համար:

Դիտարկմանը, թե ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր լրագրողների հարցին, թե մանդատների մասով գործընթաց լինելո՞ւ է, թե՞ ոչ, ասել է, որ օրենքի պահանջ է, չի կարող չլինել, պատգամավորը պատասխանեց. «Ալեն Սիմոնյանը ինչ ասես կարող է խոսել, ԱԺ նախագահն այդքան անլուրջ չպետք է իրեն պահի, ամեն մեկը պետք է իր պաշտոնի դիրքին համապատասխան պահվածք ունենա: Բացի այդ, իրենց հայտարարությունները լուրջ չեմ ընդունում, մեկ տարի առաջ ասում էին, որ Թուրքիան Հարավային Կովկաս է ներխուժել է, որպեսզի հայերի ցեղասպանությունը շարունակի, երկու օր առաջ զանգում ասում են՝ ձեր Քուրբան Բայրամը շնորհավոր»:

Նշենք որ երեկ ԱԺ կայքում հրապարակվել էր, որ Ազգային ժողովում նախագիծ է շրջանառվում, ըստ որի՝ ԱԺ խորհուրդը դիմելու է Սահմանադրական դատարան, որպեսզի մանդատից զրկի նիստերից մեկ կիսամյակ բացակայած ընդդիմադիր 32 պատգամավորներին: Ցանկում ներառված չէր Թագուհի Թովմասյանի և Իշխան Զաքարյանի անունները: Սակայն ԱԺ կայքից հանվեց հայտարարությունը, ԱԺ նախագահի խոսնակ Ծովինար Խաչատրյանը, նշեց, որ նախագիծը հեռացվել է տեխնիկական խնդիրների պատճառով, սակայն այսօր ԱԺ կայքում չի տեղադրվել:

Հերմինե Միքայելյան

--00--ՏՏ