Բաթոյանն առաջարկում է հստակեցնել ժեստերի լեզվով և ենթագրերով հեռարձակվող հաղորդումների տեսակները

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 6, 24News

Բաթոյան

ՔՊ-ական պատգամավոր Զարուհի Բաթոյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ շրջանառության մեջ է դրել օրենսդրական փաթեթ, որով առաջարկում է հստակեցնել հայերեն ժեստերի լեզվով եւ ենթագրերով հեռարձակվող հաղորդումների տեսակները եւ ավելացնել դրանց ծավալը:

«Մասնավորապես առաջարկում եմ՝

1․ սահմանել, որ այն հեռարձակողները, որոնք արտադրում են նաեւ մանկական եւ լրատվական տեսալսողական հաղորդումներ, ֆիլմեր, պարտավոր են իրենց ծրագրերում ապահովել օրվա ընթացքում առնվազն մեկական մանկական հաղորդում ներկայացնելով ժեստերի լեզվով թարգմանությամբ, լրատվական հաղորդում եւ ֆիլմ՝ ներկայացնելով ժեստերի լեզվով թարգմանությամբ եւ (կամ) ենթագրով,

2․ հայերեն ենթագրերով եւ ժեստերի լեզվի թարգմանությամբ լրացուցիչ եւ պարտադիր հաղորդումների ցանկ սահմանել Հանրային հեռարձակողների համար, ներառելով կրթական, առողջապահական, մշակութային եւ ժամանցային բնույթի հաղորդումները, պաշտոնական տեղեկատվությունը, արտակարգ դրության ժամանակ հատուկ թողարկումները եւ սոցիալական գովազդը,

3․ Ազգային ժողովի կանոնակարգ օրենքով սահմանել, որ Ազգային ժողովի նիստերի եւ խորհրդարանական լսումների առցանց հեռարձակումները ԱԺ պաշտոնական ինտերնետային կայքով կարող են ուղեկցվել հայերեն ժեստերի լեզվի թարգմանությամբ,

4․ «Լեզվի մասին» ՀՀ օրենքով սահմանել «Ժեստերի լեզու» հասկացությունը,

5․ սահմանել տեսալսողական հաղորդումների չարաշահման արգելք նաեւ տարիքային, հաշմանդամության, անձնական կամ սոցիալական բնույթի այլ հատկանիշներով խտրականություն տարածելու, կամ նման նպատակ հետապնդող տեղեկատվություն պարունակելու դեպքում:

Նախագիծը քննարկվել է Խուլերի միավորման Հայաստանի Խուլերի միավորում. Armenian Deaf Society և Coalition for Inclusive Legal Reforms «Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայի» հետ, որոնք ներկայացնում են հաշմանդամություն ունեցող անձանց շահերը:

Փաթեթը հրապարակված է ԱԺ կայքում, և շահագրգիռ կողմերն իրենց առաջարկները կարող են ուղարկել իմ՝ [email protected] հասցեին:

Նախագծերին ծանոթացեք այստեղ https://rb.gy/zs7m1t»,-գրել է նա։

--00—ԼՄ