Արևմուտքի սահմանափակումները չեն ազդում «ՎՏԲ-Հայաստան»-ի հաճախորդների միջոցների հասանելիության վրա

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News

հասարակական

Ռուսաստանյան «ՎՏԲ» բանկը ռուս-ուկրաինական ռազմական էսկալացիայի ֆոնին հայտնվել է Մեծ Բրիտանիայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների պատժամիջոցների տակ։

Պատժամիջոցների առթիվ «ՎՏԲ-Հայաստան» բանկն այսօր հայտարարություն է տարածել՝ նշելով, որ հայաստանյան մասնաճյուղը շարունակում է տրամադրել հիմնական ֆինանսական ծառայությունները՝ պահպանելով իրացվելիության և կապիտալի բարձր մակարդակ: «Կիրառված սահմանափակումները չեն ազդում հաճախորդների միջոցների անվտանգության և հասանելիության վրա: Բոլոր հաշիվներն ակտիվ են և հաճախորդների միջոցները հասանելի են ինչպես Բանկի մասնաճյուղերում, այնպես էլ հեռահար սպասարկման տարբերակով: Դրանք կարելի է ամբողջությամբ օգտագործել Հայաստանի տարածքում ազգային արժույթով բոլոր գործարքներն իրականացնելու համար», - ասված է բանկի հայտարարության մեջ։ Բանկը նաև նշել է, որ կանխիկ միջոցների ստացումը հնարավոր է Հայաստանի ամբողջ տարածքում տեղակայված ցանկացած բանկոմատներից և գործընկեր-բանկերից։ 

«Հաճախորդներին, ովքեր այժմ գտնվում են արտերկրում, խորհուրդ է տրվում կանխիկացնել միջոցները կամ վճարել այլ բանկի քարտերով։ Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից», - նշված է հայտարարության մեջ:

Կենտրոնական բանկից 24News-ին հայտնեցին, որ ԿԲ-ն ուշադիր հետևում է Ռուսաստանի Դաշնության ֆինանսական շուկաների զարգացումներին։ Կենտրոնական բանկը «մշտապես հաղորդակցվում է ֆինանսական շուկայի մասնակիցների հետ և տիրապետում է բոլոր հնարավորություններին և գործիքներին Հայաստանի Հանրապետությունում գների և ֆինանսական կայունության ապահովման համար»:

--00--ԿԿ