Ռազմական գործողությունների ֆոնին Թուրքիան դադարեցնում թռիչքները դեպի Ուկրաինա

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News

Ուկրաինա

Ռուսաստանի կողմից  սկսված ռազմական գործողությունների ֆոնին Turkish Airlines-ը դադարեցնում է թռիչքները դեպի Ուկրաինա: Այդ մասին հայտնել է ընկերության գլխավոր տնօրեն Բիլալ Էքշին, գրել է Ermenihaber.am-ը։

Թուրքական աղբյուրները գրում են, որ Ռուսաստանը Ուկրաինայում ցամաքային և օդային ռազմական գործողություններ է սկսել:

Կա նաև ոչ պաշտոնական տեղեկություն այն մասին, որ Թուրքիան այժմ փորձում է տարհանել Ուկրաինայում գտնվող իր դիվանագետներին: 

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունն էլ կոչ է արել իր քաղաքացիներին հեռանալ Ուկրաինայից:   

Ավելի վաղ  Թուրքիայում Ուկրաինայի դեսպանությունը պաշտոնական Անկարային հորդորել էր աջակցություն ցուցաբերել Կիևին։ Այդ հայտարարությունում մասնավորապես ասված է. «Ռուսաստանի Դաշնությունը պատերազմ է սկսել Ուկրաինայի դեմ: Ռմբակոծվում են խաղաղ ուկրաինական քաղաքները: Կոչ ենք անում մեր ռազմավարական դաշնակից Թուրքիային ու բարեկամ թուրք ժողովրդին օգնել մեզ այս դժվարին ժամանակներում»,- ասվում է գրառման մեջ:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը առավոտյան ժամը 05.50-ին ռուսաստանցիներին ուղղված իր տեսաուղերձում հայտնել էր, որ Դոնբասում հատուկ ռազմական գործողություն սկսելու որոշում է կայացրել:

 

--00—ՄՀ