ՔՊ-ն «թռած է» Դոնեցկի և Լուգանսկի հարցերից

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News

քաղաքական

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներն այսօր դեռևս հրաժարվում են մեկնաբանել Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների ճանաչման որոշումը։

Երեկ երեկոյան Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Դոնբասի խնդրի սրացման ֆոնին հրամանագրեր էր ստորագրել Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունները ճանաչելու մասին։ Ուկրաինան համանուն մարզերի մասերն է համարում Դոնեցկն ու Լուգանսկը, որոնք 2014-ի մայիսի 12-ին հայտարարել էին իրենց անկախության մասին։ Այս պահի դրությամբ միայն Ռուսաստանն է ճանաչել դրանք անկախ պետություններ։

ՔՊ-ական պատգամավոր, ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանի հետ կապ հաստատել չհաջողվեց։ Անուշ Բեղլոյանը խնդրեց գրավոր ուղարկել հարցերը՝ պատճառաբանելով, որ 2 օրից կպատասխանի, քանի որ զբաղված է։ Ալեքսեյ Սանդիկովը հրաժարվեց մեկնաբանություն տալ՝ պատճառաբանելով, որ սա միջազգային լուրջ հարց է, և չի կարող այդքան շուտ դիրքորոշում հայտնել։ 

Սիսակ Գաբրիելյանին, Արուսյակ Ջուլհակյանին, Սոնա Ղազարյանին ուղղված զանգերը նույնպես մնացին անպատասխան։

Սերգեյ Առաքելյան

--00--ԿԿ