Համատեղ ծրագրերի դրական դինամիկան՝ նոր նախագծերի սկիզբ. Երևանի քաղաքապետ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 18, 24News

․

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ու քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը հանդիպել են Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի հետ: Այդ մասին ասված է Երևանի քաղաքապետարանի Ֆեյսբուքի էջում:

«ԵՄ կառույցների հետ Երևանն այսօր համագործակցության մի շարք ծրագրեր է իրականացնում, որոնք ընդգրկում են քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներ: Երևանի էներգաարդյունավետության ծրագրի շրջանակում հիմնանորոգվում են համայնքային մանկապարտեզներ, տեղադրվում էներգաարդյունավետությանը միտված սարքավորումներ, արևային ֆոտովոլտային վահանակներ՝ ապահովելով սեյսմակայուն և հարմարավետ պայմաններ:

Երևանի ավտոբուսների ծրագրի շրջանակում քաղաքի տրանսպորտային ցանցը կհամալրվի ևս 100 նոր ավտոբուսով: Դրանց ձեռքբերման ֆինանսավորման համար հատկացվել է 25 մլն եվրո, որից 20 մլն եվրո՝ ՎԶԵԲ կողմից վարկային միջոցներ, և 5 մլն եվրո՝ Արևելյան Եվրոպայի էներգախնայողության և շրջակա միջավայրի գործընկերության (E5P) կողմից դրամաշնորհային միջոցներ:

«Քաղաքապետների դաշնագիր» նախաձեռնության շրջանակներում էլ «Եվրոպական միությունը Երևանի համար. Արևային համայնք» ծրագրի շրջանակում մինչև փետրվարի վերջ երևանյան ավելի քան 90 շենքում տեղադրված կլինեն ֆոտովոլտային վահանակներ և լուսավորության համակարգեր:

Կարևորելով Եվրոպական միության հետ ձևավորված փոխշահավետ համագործակցությունը՝ Երևանի քաղաքապետը նշել է, որ արդեն իսկ կյանքի կոչվող նախագծերը լավ հիմք են նոր նախաձեռնությունների համար:

«Տիկին դեսպան, մենք կարևորում ենք մանկապարտեզների հիմնանարոգման ծրագրի շարունակության ապահովումը:

Նախապատրաստական աշխատանքները կատարված են և, կարծում եմ, այս տարի կկարողանանք հավելյալ նոր նախակրթարանների մրցույթ հայտարարել: Տրանսպորտային բարեփոխումների շրջանակում դիտարկում ենք նաև էլեկտրական ավտոբուսների ձեռքբերում: Կցանկանամ նաև ընդգծել, որ միջազգային գործընկերների հետ վարկային ու դրամաշնորհային ծրագրերի իրականացման հարցում համայնքն այսօր ունի նաև ՀՀ կառավարության լիարժեք աջակցությունը»,- նշել է քաղաքապետը:

Շնորհավորելով Հրաչյա Սարգսյանին Երևանի քաղաքապետի պաշտոնը ստանձնելու առթիվ՝ Անդրեա Վիկտորինն իր հերթին նշել է, որ Եվրոպական միությունը մեծ սիրով իր պատրաստակամությունն է հայտնում համագործակցությունն ընդլայնելու հարցում:

«Պարոն քաղաքապետ, հույս ունեմ, որ համատեղ ծրագրերն ավելի արագ կընթանան և մենք արդեն արդյունքներ կտեսնենք: Ես վերահաստատում եմ մեր պատրաստակամությունը համատեղ ծրագրերի շարունակականության ապահովման հարցում, քանզի ՀՀ կառավարության, վարչապետի ու քաղաքային իշխանության ջանքերն ուղղված են ի շահ համընդհանուր բարեկեցության»,- ընդգծել է Եվրոպական միության պատվիրակության ղեկավարը:

Երևանի քաղաքապետն առաջարկել է համատեղ ծրագրի շրջանակում քաղաքապետարանի երկու վարչական շենքերի և Շենգավիթ մարզադպրոցի տանիքներին ևս տեղադրել արևային կայաններ: Հանդիպումից հետո Հրաչյա Սարգսյանն Անդրեա Վիկտորինին ուղեկցել է քաղաքապետարանի աշտարակ՝ տեղում դիտարկելու ծրագրի հնարավորությունները»,-նշված է գրառման մեջ:

--00--ԱՀ