Տոնոյանը դատարանում հայտարարել է, թե իր մոտ տպավորություն է, որ ինքը հարևան երկրում է կալանքի տակ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 21, 24News

Տոնոյան

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն այսօր դատարանում հայտարարել է, որ իր մոտ տպավորություն է, որ ինքը ոչ թե իր պետությունում է գտնվում կալանքի տակ, այլ՝ հարևան պետությունում, «Փաստինֆո»-ին հայտնել է փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանը։

Ինչպես հայտնի է, Դավիթ Տոնոյանի և մյուսների գործով դատաքննության նախապատրաստման փուլում քննարկվել է կալանավորված մեղադրյալների խափանման միջոցի հարցը։ Դատախազը պահանջել է վերջիններիս նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը թողնել անփոփոխ։ Դավիթ Տոնոյանի պաշտպանները միջնորդել են Տոնոյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակել, Տոնոյանի համար երաշխավորել են ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Քրիստինե Պողոսյանը, «Նավակ Ճոճող» մականունով հայտնի Վիլեն Գաբրիելյանը և «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զավենի Սարգսյանը։ Մյուս ամբաստանյալների պաշտպանները միջնորդել են կիրառել անազատության հետ կապ չունեցող խափանման միջոցներ, այդ թվում՝ գրավ։ Դատարանի որոշումը կհրապարակվի հունվարի 24-ին։

Փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանը «Փաստինֆո»-ին մանրասնել է, որ դատական նիստին Դավիթ Տոնոյանը հայտարարությամբ է հանդես եկել՝ նշելով, որ իր համար որոշակի առումով հասկանալի էր քննության սկզբնական փուլում իր նկատմամբ որպես խափանման միջոց կալանքի կիրառումը՝ հաշվի առնելով, որ փորձաքննություն է նշանակված, դրա արդյունքներից հետագայում պարզ կլիներ՝ գործը հիմնավո՞ր է, թե՞ ոչ, հետագայում կշարունակի՞ մնալ կալանքի տակ, թե՞ ոչ։ Իսկ այն բանից հետո, երբ փորձաքննությունները թողնվել են անկատար, իր համար անհասկանալի է, թե ինչու է գտնվում կալանքի տակ, ավելին, ՝ այդ պահից սկսած, իր ընկալմամբ, կալանքը կրում է պատժի տարրեր։ Ավելին, Տոնոյանը հայտարարել է, որ իր մոտ տպավորություն է, որ ինքը ոչ թե իր երկրում է գտնվում կալանքի տակ, այլ՝ հարևան երկրում։

Նշենք, որ Դավիթ Տոնոյանի և մյուսների գործով դատաքննությունն իրականացվում է դռնփակ ռեժիմով, ինչին դեմ է պաշտպանության կողմը։ 

--00--ԱՀ

Տեսանյութեր