Չինաստանն անհատույց օգնության կտրամադրի Հ1-ի հեռարձակման նոր տաղավարի նախագծի շրջանակում

ԵՐԵՎԱՆ ՆՈՅԵՄԲԵՐԻ 15,  24 News

․

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունում նոյեմբերի 15-ին կայացել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև՝ տեխնիկատնտեսական համագործակցության մասին» համաձայնագրի կնքումը։

Հայկական կողմից համաձայնագիրը ստորագրել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արմեն Ղևոնդյանը, իսկ չինական կողմից՝ ՀՀ-ում ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգը։ Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, համաձայնագիրը նախատեսում է ՉԺՀ կառավարության կողմից անհատույց օգնության տրամադրումը` Հայաստանի Հանրային հեռուստատեսության համար հեռարձակման նոր տաղավարի նախագծի և այլ փոխհամաձայնեցված նախագծերի իրականացման շրջանակներում:

Ըստ աղբյուրի՝ ստորագրման արարողությանը մասնակցում էր նաև Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը:

ԱԳ նախարարի տեղակալը և Չինաստանի դեսպանը, ստորագրման արարողությանն ընդառաջ կայացած հանդիպման ընթացքում բարձր գնահատելով Հայաստանում իրականացված տեխնիկատնտեսական ծրագրերի մասով ՉԺՀ կառավարության օժանդակությունը, մտքեր են փոխանակել հնարավոր նոր ծրագրերի վերաբերյալ:

--00--ԱՀ