Անդրեասյանը ԵԽ պատվիրակության հետ հանդիպմանը խոսել է Ադրբեջանում պահվող հայերի խնդրի մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18, 24News

Անդրեասյան ԵԽ

Հայաստանն ակնկալում է, որ Եվրոպայի խորհուրդը հստակ դիրքորոշում կցուցաբերի Ադրբեջանի հարցում, ճնշում կգործադրի այդ երկրի նկատմամբ, որպեսզի  Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիները և քաղաքացիական այլ անձինք վերադարձվեն հայրենիք։ Այս մասին, ինչպես հայտնում են ԱՆ-ից, հայտարարել է արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը՝ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի Ժողովրդավարության հարցերով զեկուցողների խմբի նախագահ, ԵԽ-ում Շվեդիայի մշտական ներկայացուցիչ, դեսպան Մարթեն Էհնբերգի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ։

Նախարար Անդրեասյանը ողջունել է Եվրոպայի խորհրդի բարձրաստիճան ներկայացուցիչներին Արդարադատության նախարարությունում և ընդգծել, որ ԵԽ-ն Հայաստանի կարևոր գործընկերներից է, որի հետ համագործակցությունն ընթանում է մի շարք ուղղություններով՝ ընտանեկան բռնության դեմ պայքար, Պրոբացիայի ծառայության բարելավում, ՔԿՀ-ներում մարդու իրավունքների պաշտպանություն, դատական բարեփոխումներ, հակակոռուպցիոն պայքար և այլն։ Այդ համատեքստում Կարեն Անդրեասյանն իր երախտագիտություն է հայտնել ԵԽ -ին և առանցքային դոնոր երկրներին` Հայաստանի բարեփոխումների օրակարգին աջակցելու պատրաստակամության համար:

Ի պատասխան ԵԽ դեսպանների հարցերի՝ նախարար Անդրեասյանն անդրադարձել է Սահմանադրական բարեփոխումների, դատաիրավական համակարգի թվայնացման գործընթացներին, վրացական օրինակով Հայաստանում հանրային ծառայությունները մեկ վայրում մատուցող «Արդարադատության տներ»-ի ստեղծման ծրագրին, Հարկադիր կատարումն ապահովող ծառայության արդյունավետության բարձրացման հնարավորություններին, Ներքին գործերի նախարարության ստեղծման աշխատանքներին, Պարեկային ծառայության մոդելով նոր և բարեվարք ծառայողներով քրեակատարողական հիմնարկ կառուցելուն և այլն։

Պատվիրակության ղեկավար Մարթեն Էհնբերգը նշել է, որ ոգևորված է իրականացված բարեփոխումներով և նախատեսվող ծրագրերով ու հաջողություն է մաղթել հավակնոտ օրակարգը իրականացնելու ճանապարհին։

Նշենք, որ պատվիրակության կազմում են եղել նաև ԵԽ-ում Ռուսաստանի, Ֆրանսիայի, Ֆինլանդիայի, Անդորրայի, Էստոնիայի, Իսլանդիայի, Շվեյցարիայի մշտական ներկայացուցիչները, ինչպես նաև ԵԽ Գլխավոր քարտուղարության Ծրագրերի Գլխավոր տնօրինության ղեկավար Վերենա Թեյլորը, Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտը, այլք։ Պատվիրակությանն ուղեկցել է Եվրոպայի Խորհրդում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը։

--00--ԱԹ