ԲԴԽ-ն կքննարկի Անդրեասյանին պատասխանատվության ենթարկելու հարցով իրավասու մարմիններին դիմելու մասին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 18, 24News

․

ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանին պատասխանատվության ենթարկելու հարցով իրավասու մարմիններին դիմելու Դատավորների միության նախագահի դիմումը ԲԴԽ-ում ստացվել է։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանը նշեց, որ դիմումը Խորհրդին է ուղղված, Խորհուրդն այն կքննարկի և կորոշի ինչպես պատասխանել։

Բեքմեզյանը զերծ մնաց մեկնաբանություն տալուց՝ նշելով, որ դիմումն ուղղված է Խորհրդին։

Դիմումի վերաբերյալ մեկնաբանություններից զերծ մնացին նաև ՀՀ արդարադատության նախարարությունից։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում նախարարությունից նշեցին, թե որևէ մեկնաբանության կարիք չեն տեսնում:

«Հասարակությունը տեսնում է ամեն ինչ»,- նշել են նախարարությունից։

Հիշեցնենք, որ ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը վերջին հարցազրույցներում խախտելով հանրային ծառայողին ներկայացվող վարքագծի սկզբունքները, մասնավորապես՝ չդրսևորելով զբաղեցրած քաղաքական պաշտոնին վայել վարքագիծ, չցուցաբերելով տարրական բարեկիրթ վերաբերմունք և քաղաքական զսպվածություն, հնչեցրել է իշխանության մյուս թևի ներկայացուցիչներին՝ դատավորներին վիրավորող և պիտակավորող, դատական իշխանության հեղինակությունը նսեմացնող արտահայտություններ, որոնք չեն արժանացել պատշաճ արձագանքի:

Դատավորների միության նախագահ Ալեքսանդր Ազարյանը դիմել է ԲԴԽ-ին՝ արձանագրելով, որ քաղաքական պաշտոն զբաղեցնող նախարարի իրավաչափ վարքագիծը և ծառայողական պարտականությունների պատշաճ կատարումը կանոնակարգող վերոնշյալ իրավական նորմերի համատեքստում` ուսումնասիրելով նախարար Կ.Անդրեասյանի վերոնշյալ ելույթները, գտնում եմ, որ դրանցում առկա մի շարք ձևակերպումներ նսեմացնում են դատարանների և դատավորների արժանապատվությունը, ընդհանուր խոսքի մեջ օգտագործված պիտակավորումները, անվանարկումները, դատավորների դասակարգումները և այդ դասակարգման չափանիշները զուրկ են բարեկրթության տարրական կանոններից, վայել չեն պետական, հատկապես՝ արդարադատության նախարարի պաշտոնը զբաղեցնող հանրային ծառայողին, այն աստիճան քաղաքականացված են, որ կասկածի տակ է դնում նախարար Կ.Անդրեասյանի կողմից ի պաշտոնե մատուցվող հանրային ծառայության անկողմնակալությունը:

Դատավորների միության նախագահը, դիմելով ԲԴԽ-ին, առաջարկել է միանալ սույն հայտարարությանը և իրավասու մարմնի առջև բարձրացնել վերոնշյալ պաշտոնյային պատասխանատվության ենթարկելու հարցը՝ այդ կերպ զսպելով նրա ոչ իրավաչափ վարքագիծը։

--00--ԱՀ