ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 9, 24News
Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը լայնածավալ հարցազրույց է տվել Metaratings.ru-ին։ Մովսիսյանը խոսել է Հրանտ-Լեոն Ռանոսի շուրջ առաջացած իրավիճակի մասին։
– Ձեր հեռանալուց հետո Հայաստանի հավաքականում թոփ հարձակվողի պակաս է զգացվում։ Դա մեծ խնդիր է՞։
— Ցանկանո՞ւմ եք՝ վերսկսեմ կարիերաս (ծիծաղում է)։ Հարձակվողի դիրքը խնդիր է բոլոր հավաքականների համար։ Երբ հարձակվող չկա, թիմին շատ բարդ է լինում։ Բոլոր ժամանակներում լավ պաշտպանությունը սկսվում է հարձակումից։ Տեսել եմ Ռանոսի խաղը, նա շատ տաղանդավոր ֆուտբոլիստ է։ Այդ դիրքի խաղացողը պետք է լինի հոգեբանորեն կոփված, չվախենա մրցակիցներից, անուններից ու հեղինակություններից։
– Ինչպե՞ս կգնահատեք Ռանոսի պահվածքը Վրաստանի դեմ պատասխան խաղից առաջ, երբ նա լքեց հավաքականը՝ մեկնարկային կազմում չընդգրկվելու պատճառով։
— Նա դեռ երիտասարդ է և կարող է սխալվել։ Եթե ամեն ինչ եղել է այնպես, ինչպես նշել է վան’տ Սխիպը՝ թե Ռանոսը ասել է, որ եթե չխաղա, կհեռանա հավաքականից, ապա գլխավոր մարզիչն ամբողջությամբ ճիշտ է։ Ոչ մի ֆուտբոլիստ իրավունք չունի նման կերպ վարվելու։ Հավաքականը այն տեղը չէ, որտեղ կարելի է անձնական շահերը վեր դասել։ Դու խաղում ես քո երկրի համար։ Հուսով եմ՝ Ռանոսը կհասկանա իր սխալը, կզանգի գլխավոր մարզչին և կվերականգնի հարաբերությունները, քանի որ նա շատ տաղանդավոր ֆուտբոլիստ է։
--00—ՍՊ