ՀՀ կենտրոնական բանկի թողարկած 2 հուշադրամներ արժանացել են միջազգային մրցանակների

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

մրցանակ

Ռուսաստանի Դաշնությունում անցկացված «Դրամների համաստեղություն-2021» 15-րդ միջազգային մրցույթում ՀՀ կենտրոնական բանկի կողմից 2020 թ․ թողարկված «Ժանսեմ-100» ոսկե հուշադրամը արժանացել է 3-րդ մրցանակի «Դասական հուշադրամ» անվանակարգում, իսկ «Սուրբ Էջմիածնի Մայր Տաճար» արծաթե հուշադրամը հաղթող է ճանաչվել «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում: Այս մասին հայտնում են ԿԲ-ից:

«Դրամների համաստեղություն-2021» մրցույթին մասնակցելու հայտով դիմել էր 31 կազմակերպություն 22 երկրից՝ ներկայացնելով 2020 թ. թողարկված 220 հուշադրամ։

«Ժանսեմ-100» ոսկե հուշադրամի էսքիզների հեղինակն է Էդուարդ Կուրղինյանը:

«Սուրբ Էջմիածնի Մայր Տաճար» արծաթե հուշադրամի նախագծի հեղինակն է «CIT Coin Invest AG» ընկերությունը: Հուշադրամի էսքիզները պատրաստվել են Սուրեն Սիմոնյանի և Արամ Ուռուտյանի անմիջական ներգրավվածությամբ։ Հուշադրամն ուղեկցող բուկլետի տեքստերի կազմման աշխատանքներում աջակցություն է ցուցաբերել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը։

«Դրամների համաստեղություն-2021» մրցույթի հաղթողների մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ www.gold10.ru կայքից:

ՀՀ կենտրոնական բանկի Արժույթի թողարկման և դրամագիտության կենտրոնը կշարունակի հետևողական աշխատանք տանել դրամագիտական մրցույթներում ՀՀ դրամանիշերի մասնակցությունն ապահովելու և հաղթանակներ արձանագրելու ուղղությամբ:

--00--ԱԹ

Տեսանյութեր