ԵՄ-ն փորձում է կենտրոնացումն ուղղել դեպի Սյունիք. ԵՄ դեսպանը՝ Սանոսյանին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17, 24News

ՏԿԵՆ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր ընդունել է ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին։ Այս մասին հայտնում են ՀՀ ՏԿԵ նախարարությունից:

Նախարարը կարևորել է ԵՄ-ի հետ բազմակողմ և բազմաշերտ համագործակցությունը և պատրաստակամություն հայտնել առաջիկայում բարձր մակարդակով շարունակել համատեղ աշխատանքը։

Դեսպան Անդրեա Վիկտորինը շնորհավորել է նախարարին նշանակման կապակցությամբ և ընդգծել, որ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը շատ կարևոր գերատեսչություն է, օղակ՝ տնտեսական վերականգնման ուղղությամբ գործողություններ իրականացնելու առումով։

Դեսպանն ընդգծել է, որ մեծ տեղ են հատկացնում տարածքային զարգացմանը։ Այդ նպատակով բավական ակտիվ գործունեություն են ծավալում Հայաստանի հյուսիսային մարզերում, սակայն անցած տարվա զարգացումների արդյունքում իրենք փոխել են իրենց մոտեցումը և փորձում են կենտրոնացումն ուղղել դեպի հարավ՝ Սյունիքի մարզ։

Նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպանին Սյունիքը ուշադրության կենտրոնում պահելու համար և ուրախությամբ արձանագրել, որ երկկողմ տեսակետներն ու գործողությունները համընկնում են։

Նախարարն ընդգծել է, որ ԵՄ-ի կողմից Հայաստանին հատկացվող 2,6 միլիարդ եվրո աջակցության զգալի մասը հիմնականում առնչվում է ՏԿԵ նախարարությանը, նախարարության գործունեության ոլորտներին, որը համագործակցության լայն հնարավորություն է ստեղծում։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ԵՄ-ի կողմից Հայաստանին տրվող ֆինանսական աջակցության արդյունավետ բախշման, ծրագրերի իրականացման առաջնահերթությունների հարցը։ Քննարկվել է այդ նպատակով ստեղծել աշխատանքային խումբ, որը կզբաղվի այդ հարցերով։

«Մենք երկուստեք դատապարտված ենք ունենալ հաջողություն»,-արձանագրել է ԵՄ դեսպանը։

--00--ԱԹ

Տեսանյութեր