Պոլսահայ երգչուհի Սիբիլի «Ավրորայի աղոթքը» նվիրվել է պատերազմում որբացած երեխաներին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15, 24News

Թուրքական լրատվամիջոցներն անդրադարձել են պոլսահայ հայտնի երգչուհի Սիբիլ Փեքթորոսօղլուի նոր երգին և տեսահոլովակին, որը կոչվում է «Ավրորայի աղոթքը», գրում է ermenihaber.am-ը։

«Պոլսահայ արվեստագետ Սիբիլն «Ավրորայի աղոթքը» նվիրել է բոլոր պատերազմներում որբացած երեխաներին»․ թուրքական լրատավակայքերի այս և այլ շեշտադրմամբ հրապարակումներում նշվել է, որ Սիբիլի նոր երգն իր շուրջն է համախմբել երաժշտասերներին։

Ստամբուլում ապրող և ստեղծագործող երգչուհի Սիբիլն «Ավրորայի աղոթքը» երգը երաժշտասերների դատին է հանձնել սեպտեմբերի 10-ին։ Երգի հեղինակը Հասմիկ Հախվերդյանն է, իսկ տեսահոլովակը նկարահանվել է Հրանտ Մովսիսյանի ռեժիսորությամբ։ 

«Շատ հուզիչ, չափազանց խորն այս ստեղծագործությունը բոլոր պատերազմներում որբացած անմեղ երեխաների համար աղոթք է՝ ուղղված Մարիամ Աստվածածնին»,-այսպես է նկարագրել իր նոր ստեղծագործությունը երգչուհին։

Նշենք, որ Ֆերիքյոյի եկեղեցական «Սուրբ Վարդանանց» երգչախմբում առաջին քայլերն արած Սիբիլ Փեքթորոսօղլուն 2010-ին  թողարկել էր հայալեզու «Սիբիլ» ալբոմը, որտեղ զետեղվել էին «Տեր Ողորմեա», «Կիլիկիա», «Տեսնեմ Անին և նոր մեռնիմ», «Նամակ» և այլ երգեր։ Իսկ ահա «Նամակ» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը եղել է թուրքական պետական հեռուստատեսությամբ ցուցադրված առաջին հայալեզու տեսահոլովակը։

--00—ԼՄ