Անցել է 2 տարի, ինձ մի զանգ արե՞լ եք. դաժան ծեծված փոխգնդապետի հայրը՝ Տրդատ Սարգսյանին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9, 24News

դատ

Եթե դուք մեղավոր չեք, ես հեռուստացույցով 6 ամիս խնդրեցի, որ եթե մեղավոր չեք, գաք ինձ տեսնելու, անցել է 2 տարի, գոնե մի զանգ արե՞լ եք։ Ինչպես հայտնում է News.am-ը, այս մասին այսօր՝ սեպտեմբերի 9-ին, Եղեգնաձորում 2019 թվականի մի խումբ անձանց կողմից դաժան ծեծի ենթարկված ՀՀ ԶՈՒ փոխգնդապետ Արա Մխիթարյանի գործով դատական նիստին հարցրեց տուժողի իրավահաջորդը գործով վկա Տրդատ Սարգսյանին։

Նշենք, որ այսօր դատարանում ցուցմունք է տվել Վայոց ձորի մարզի նախկին մարզպետ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Տրդատ Սարգսյանը։

Փաստաբանն առարկեց հարցի դեմ, սակայն դատարանը հարցը չհանեց, Տրդատ Սարգսյանն էլ պատասխանեց. «Դուք ինձ վիրավորել եք, մեղադրել եք ամենավերջին հանցագործությունների մեջ, ես դա ընդունել եմ որպես վրդոհված ծնողի խոսք, եւ չեմ փորձել որեւէ կերպ լարել եւ թողել եմ դատաքննությանը»։

Սարգսյանը հավելեց նաեւ, որ եթե ինքն այդ ծեծռտուքի ժամանակ այդտեղ լիներ, ապա նման դեպք չէր լինի. «Միգուցե շատ ավելի վատ, որ այդտեղ չեմ եղել»։

Տուժողի իրավահաջորդի հարցին՝ արդյոք վկան ճանաչո՞ւմ էր դեպքի մասնակից զինվորականներին, Տրդատ Սարգսյանն ասաց ,որ նախկինում չի ճանաչել, երբեք չի տեսել.

«Ինձ հիվանդանոցից ասացին, երբ այդ զինվորականների ղեկավար կազմը եկել է հիվանդանոց, այնքան հարբած են եղել այդ զինվորականները, որ իրենց ղեկավարներին էլ չեն ճանաչել, ուր մնաց այնտեղ ինչ-որ մեկին ճանաչեցին ու ցուցմունք տային»։

Հիշեցնենք, որ 2019 թվականին սեպտեմբերի 17-ին` ժամը 22:30-ի սահմաններում, աննշան հարցի պատճառով վիճաբանություն է սկսվել Մխիթարյանի եւ Եղեգնաձոր քաղաքի բնակիչ Գրիգորյանի միջեւ, որի ժամանակ վերջիններս սկսել են միմյանց քաշքշել ու հայհոյել:

Ըստ մեղադրանքի՝ մինչ Մխիթարյանի ընկերները փորձել են դադարեցնել վիճաբանությունը, այդ ընթացքում Գրիգորյանը զանգահարել է իր մտերիմներին եւ եղբորը՝  Գրիգորյանին, ու տեղեկացնելով կատարվածի մասին՝ նրանց կանչել հիշյալ շենքի բակ: Որոշ ժամանակ անց վերջիններս մի քանի ավտոմեքենաներով եկել են նշված շենքի բակ, որտեղ գտնվելու ընթացքում Գրիգորյանն անսպասելի մոտեցել է միայնակ եւ հանգիստ կանգնած Մխիթարյանին եւ դիտավորությամբ բռունցքով մեկ անգամ հարվածել է նրա դեմքին, ինչի հետեւանքով վերջինս վայր է ընկել, որից հետո Գրիգորյանը, նրա եղբայրը եւ գործով ինքնությունները չպարզված մի խումբ անձինք դիտավորությամբ ոտքերով, նաեւ գործով չպարզված առարկայով բազմաթիվ եւ անկանոն հարվածներ են հասցրել գետնին ընկած Մխիթարյանի գլխին՝ առողջությանը պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս: Միջադեպի ժամանակ ծեծի է ենթարկվել նաեւ Մխիթարյանի ընկերներից մեկը, որն իր մարմնով կռացել է ընկերոջ վրա՝ փորձելով նրան պաշտպանել հարվածներից:

Դեպքից հետո Մխիթարյանը ենթարկվել է վիրահատության եւ մինչ օրս գտնվում է անգիտակից վիճակում: Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ ՔՕ 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 2-րդ մասի 6-րդ կետով եւ 118-րդ հոդվածով (ծեծ):

--00--ԱԹ