777 YZ 77 համարանիշով «Lexus»-ի վարորդը ճանապարհ չզիջելու պատճառով կրակել է «Opel»-ին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 22, 24News

նկար

Հուլիսի 19-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնում ստացված օպերատիվ տվյալների հիման վրա տեղեկություն է ստացվել, որ այդ օրը՝ ժամը 11:00-ի սահմաններում, Երևանի բնակիչ, 39-ամյա Վաչագան Ավագյանը Դավիթ Բեկի փողոցում իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով երթևեկելիս է եղել, երբ անհայտ անձը «Lexus» մակնիշի ավտոմեքենայով, ըստ նախնական տեղեկության, ճանապարհ չզիջելու պատճառով «Lexus»-ի միջից ատրճանակով  կրակոց  է արձակել «Opel»-ի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է շարժիչի ծածկը, գրում է shamshyan.com-ը։

«Opel»-ը տեղափոխվել է ոստիկանության Նոր Նորքի բաժնի պահպանվող հատուկ տարածք, իսկ վարորդը ոստիկաններին հայտնել է, որ չի ճանաչել «Lexus»-ի  վարորդին և չի հիշում համարանիշները: Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ միջոցառումներ, պարզել են  Lexus-ի համարանիշները և այն հուլիսի 21-ին հայտնաբերել են Ավան վարչական շրջանում և տեղափոխել ոստիկանության Նոր Նորքի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Ըստ աղբյուրի՝ «Lexus»-ի համարանիշներն են՝ 777 YZ 77, իսկ կասկածյալը Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի բնակիչ, 50-ամյա Ա. Կ.-ն է:

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ վերջինիս հայտնաբերելու ուղղությամբ: Հարուցված քրեական գործը փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնին,  որտեղ էլ վարույթ է ընդունվել: Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ:

Հարուցվել է քրեական գործ ՀՀ քր օր-ի 258 հոդվածի  4-րդ մասի հատկանիշներով։

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս