Փաշինյան և Պուտին. ՀԱՊԿ ինտրիգը՝ հանդիպման առանցք

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 7, 24News

Այսօր կեսօրից հետո Մոսկվայում սպասվում է Հայաստանի վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հանդիպումը։ Փաշինյանի այցի մասին կառավարության մամլո ծառայությունը հայտնեց աշխատանքային այցից մեկ օր առաջ՝ նշելով այն հիմնական հարցերի շրջանակը, որը պատրաստվում են քննարկել երկու երկրների ղեկավարները։ 

Եվ այսպես, Հայաստանի կառավարության և Կրեմլի մամլո ծառայությունների տարածած հաղորդագրության համաձայն, ՀՀ վարչապետի պաշտոնակատարի և ՌԴ նախագահի հանդիպման հիմնական առանցքը լինելու են անվտանգային հարցերը՝ նոյեմբերի 9-ին և հունվարի 11-ին ստորագրված եռակողմ հայտարարությունների իրականացման ընթացքը, իրավիճակն Արցախում, բայց, որն ամենակարևորն է թերևս, հայ-ադրբեջանական սահմանագծի Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում տիրող իրավիճակն ու հնարավոր լուծումները։ 

Հայաստանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո սա Նիկոլ Փաշինյանի առաջին արտասահմանյան այցն է։ Նախընտրական քարոզարշավի ժամանակ Փաշինյանը բազմիցս հայտարարեց հայ-ռուսական հարաբերությունների խորացման անհրաժեշտության մասին ինչպես անվտանգային, այնպես էլ տնտեսական ոլորտներում, ընդգծել հայկական կողմի պատրաստակամությունը տեղակայել ռուս խաղաղապահներին հայ-ադրբեջանական սահմանի Սոթք-Խոզնավար հատված երկայնքով՝ դելիմիտացիա և դեմարկացիա սկսելու համար։ Նույն այդ ընթացքում Փաշինյանը բազմիցս շնորհակալություն հայտնեց Ռուսաստանին Արցախում ընթացող ռազմական գործողությունները դադարեցնելուն ուղղված միջնորդական ջանքերի, ինչպես նաև խաղաղապահ զորքեր տեղակայելու համար։ 

Փաշինյան-Պուտին հանդիպման ամենաինտրիգային հատվածը մնում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հետ կապված արդեն բացահայտ դժգոհությունները, որոնք ունի պաշտոնական Երևանը՝ կապված այդ կազմակերպության դիրքորոշման հետ՝ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ։

Հիշեցնենք, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար, Բելառուսի ներկայացուցիչ Ստանիսլավ Զասն օրերս հայտարարել էր, որ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող գործընթացները չեն տեղավորվում ՀԱՊԿ կարգավորումների մեջ։ Այլ խոսքերով եթե ասենք, Զասը պարզ ասել էր, որ ՀԱՊԿ-ն չի պատրաստվում միջամտել տեղի ունեցող պրոցեսներին, և ադրբեջանական կողմի ակնհայտ ագրեսիվ գործողությունները չի համարում Հայաստանի տարածք օտարերկրյա ինտերվենցիա։ Այս հայտարարությանն էլ անմիջապես հաջորդել էր ադրբեջանական կողմի սադրանքը Գեղարքունիքի Վերին Շորժայի հատվածում, որի հետևանքով վիրավորվել էր հայկական բանակի զինծառայող։ 

Հայաստանում ՀԱՊԿ-ի նկատմամբ դժգոհության աճը ակնհայտ երևում է նաև պրոիշխանական արևմտամետ գործիչների հայտարարարություններից, որոնք ամեն օր բարձրացնում են այդ կազմակերպությունից դուրս գալու անհրաժեշտության մասին։ Իհարկե, այդպիսի հայտարարություններ Փաշինյանն ու յուր թիմը չի անում, սակայն պարզից էլ պարզ է, որ ուղղորդում է նման քայլերի իր հավատարիմ քաղաքական գործիչներին ու փորձագետներին։ 

Վերջին անգամ Փաշինյանը Մոսկվա էր այցելել ընթացիկ տարվա ապրիլին։ Պուտինի հետ հանդիպման ժամանակ կրկին հիմնական առանցքային հարցերը անվտանգային օրակարգից էին։ Այնուհետ, երկու երկրների ղեկավարները հեռախոսով զրուցել էին հունիսի 24-ին, որի ժամանակ Պուտինը շնորհավորել էր Փաշինյանին արտահերթ ընտրություններում տարած հաղթանակի առթիվ։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00--ԿԿ