Հակառակորդը կրակոց է արձակել Ստեփանակերտի բնակելի տան և Շոշի և Մխիթարաշենի ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 21, 24News

․

Ստեփանակերտում բնակելի տան վրա հակառակորդը երեկ՝ ապրիլի 20-ին, ժամը 15:00-ի սահմաններում, կրակոց է արձակել: «Հետք»-ի հաղորդմամբ՝ կրակոցներ են եղել նաև Մխիթարաշեն և Շոշ գյուղերի ուղղությամբ:

Ստեփանակերտի Վ. Վաղարշյան 13/46 հասցեում գտնվող տան տանիքը ծակվել է:

Տան բնակչի խոսքով` ռուս խաղաղապահներն ու ոստիկանության աշխատակիցներն այցելել են ընտանիքին, վերջիններս իրենց հետ տարել են նաև փամփուշտը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ Շոշի գյուղապետ Էրիկ Աբրահամյանը հաստատել է տեղեկությունը որ երեկ` ժամը 15:00-ի սահմաններում, երկու գյուղերում՝ Մխիթարաշեն ու Շոշ, կրակոցներ են լսվել մոտ 15-20 րոպե տևողությամբ:

Արցախի ԱԻՊԾ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը նշել է, որ Ստեփանակերտի Վաղարշյան հասցեի ուղղությամբ արձակված կրակոցի դեպքով տարվում է քննություն, այցելել են ոստիկանության ու ԱԻՊԾ աշխատակիցները: Նրա խոսքով, վաղը՝ ապրիլի 22-ին, ոստիկանությունը հանդես կգա հայտարարությամբ:

--00--ԱՀ