Փաշինյանի՝ Սյունիք այցից տեղյակ չեմ. նրա հետ կհանդիպեմ միայն մի դեպքում. Կապանի քաղաքապետ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 20, 24News 

Փարսյան

Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը տեղյակ չէ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելելո՞ւ է Սյունիքի մարզ, թե՞ ոչ։ 24News-ի հետ զրույցում Փարսյանը նշեց՝ հավանական այցի մասին մամուլից է տեղեկացել ու հստակ չի կարող ասել՝ ինֆորմացիան որքանով է մոտ իրականությանը։

«Կհանդիպե՞ք Նիկոլ Փաշինյանի հետ, եթե նա, այնուամենայնիվ, մարզ այցելի»,- հարց ուղղեցինք քաղաքապետին։ Ի պատասխան՝ Փարսյանն ընդգծեց՝ Փաշինյանի նկատմամբ վերաբերմունքը նոր չէ, որ արտահայտել է։ Նա հիշեցրեց՝ հենց պատերազմից հետո իր դիրքորոշումը հայտնել է։

«Կհանդիպեմ միայն մի դեպքում՝ եթե համայնքի հետ կապված որևէ հարց կամ խնդիր լինի։ Ադրբեջանցիները շատ են խոսում Մեղրիի միջանցքի մասին: Ի դեպ, նրանք ոչ թե Մեղրիի, այլ Զանգեզուրի միջանցք են ասում, և, եթե պարզվի, նման մի խնդիր էլ Կապանի մասով կա, ապա կհանդիպեմ ու կասեմ իմ ասելիքը, դիրքորոշումը»,- շեշտեց Կապանի քաղաքապետը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Փաշինյանը գաղտնիության պայմաններում Սյունիք է մեկնում:

Վրույր Սևակ

--00--