Պատգամավորի վրա հարձակումով ո՛չ վարչապետին աթոռից կզրկեք, ո՛չ ձեր ուզածին կկարգեք վարչապետ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28, 24News

նկար

ԱԺ ԼՀԿ-ական պատգամավոր Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ազգային ժողովի դիմաց բողոքի ակցիաները հասկանալի են և որպես մարդու` իր դժգոհության ձայնն արտահայտելու իրավունք` ընդունելի: Բայց դրանց իմաստը և նշանակությունը վարկաբեկվում է, երբ գործի են դրվում հայհոյանքն ու բռնությունը:
Երկու տարի առաջ իմ բարձրացրած մտահոգությունն առ այն, որ «Իմ քայլը» իշխանության կողմից ցանած ատելության սերմերը դառնալու են կործանարար մեր պետության և հասարակության համար, հանդիպում էր հեգնանքի ու քմծիծաղի:

Այժմ մենք ապրում ենք քաղաքական ատելության գորշ, հյուծող իրականության մեջ:

Ազգային ժողովի պատգամավորների վրա հայհոյանքով հարձակումներով ո´չ վարչապետին իր աթոռից կզրկեք, ո´չ ձեր ուզած մարդուն կկարգեք վարչապետ: Վերադարձնելով իմքայլականներին նրանց գեներացրած սևի ատելությունը և ցավեցնելով նրանց` ոչ մի հարց չի լուծվելու: Դա ոչ մի տեղ տանող ճանապարհ է:

Պատգամավորների նկատմամբ տարատեսակ հարձակումները անընդունելի են: Կոչ եմ անում բոլորին իրենց արդարացի պայքարը կազմակերպել ավելի զուսպ և խելացի, որպեսզի դրանք ընկալելի և հարգելի լինեն հանրության կողմից»:

Հիշեցնենք, որ ԱԺ տարածքում առավոտյան ծեծկռտուք է եղել իմքայլական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի և ցուցարարների միջև: Վերջիններս փակել են պատգամավորի ավտոմեքենայի ճանապարահը, որից հետո լեզվակռիվը վերածվել է հայհոյանքների, քաշքշուքի, ապա՝ ծեծկռտուքի:

--00—ԼՄ