ԱԻ նախարարն ընդունել է ԱՄՆ դեսպանին. քննարկվել է ջրափրկարարական բազա կառուցելու ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News

ԱԻ նախարար դեսպան

Դեկտեմբերի 15-ին ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան տիկին Լին Թրեյսիի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ նախարարը կարեւորել է արտակարգ իրավիճակների բնագավառում հայ-ամերիկյան համագործակցությունը եւ երախտագիտություն հայտնել ԱՄՆ դեսպանության շարունակական համակողմանի աջակցության եւ արցախյան պատերազմի ընթացքում ցուցաբերած հումանիտար օգնության համար:

Իր հերթին դեսպան տիկին Լին Թրեյսին շնորհակալություն է հայտնել Հայաստանի դժվարին ժամանակահատվածում ընդունելության համար եւ շնորհավորել նախարարին նշանակման առթիվ: Նա շեշտել է, որ ԱԻՆ-ի հետ համագործակցության ծրագրերում առանցքային դեր ունի ԱՄՆ ռազմական համագործակցության գրասենյակը եւ այդ գործակցությունը հիմնված է փոխադարձ վստահության վրա: Տիկին դեսպանը նշել է նաեւ, որ ԱՄՆ ՄԶ ծրագրի միջոցով հնարավոր է եղել իրականացնել պատերազմի հետեւանքով առաջացած հումանիտար աղետի գնահատման եւ հաղթահարման ծրագրեր:

Նախարար Փիլոյանն ընդգծելով 2017-2019 թթ. ԱՄՆ-ի եվրոպական հրամանատարության մարդասիրական աջակցության ծրագրի շրջանակներում իրականացված ծրագրերի արդյունավետությունը, հույս է հայտնել, որ փոխգործակցության շրջանակը կշարունակվի ամրապնդվել եւ ընդլայնվել: Նա կարեւորել է ընթացիկ աշխատանքները, մասնավորապես՝ Գյումրի 1-ում եւ Աշոցքում հրշեջ-փրկարարական շենքերի եւ «Սեւան» ազգային պարկի տարածքում գործող Սեւանի հատուկ ջրափրկարարական ջոկատի կենտրոնական բազայի կառուցումը: Նախարարը նշել է, որ փոխգործակցության համատեքստում դիտարկում է նաեւ համատեղ ուսումնավարժանքների անցկացումը եւ փորձի փոխանակումը՝ անձնակազմի մասնագիտական պատրաստվածությունը բարձրացնելու նպատակով:

Այնուհետեւ կողմերը քննարկել են հետագա համագործակցության շրջանակներում ԱԻՆ-ի կարճաժամկետ եւ երկարաժամկետ առաջնահերթությունները: Առանձնացվել են պատերազմի ընթացքում ստեղծված իրավիճակում հումանիտար աջակցության, ինչպես նաեւ ԱԻՆ փրկարար ծառայության տեխնիկական վերազինման եւ բնակչության պաշտպանության կարողությունների զարգացման ուղղություններով համագործակցության հնարավորությունները:

--00—ԼՄ