Արտակ Բեգլարյանը հանդիպել է ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավորների հետ

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3, 24News    

ՄԻՊ

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հանդիպում է ունեցել Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավորների հետ:

Պաշտպանն ընդգծել է, որ միշտ պատրաստակամ է համագործակցել բոլոր շահագրգիռ ուժերի, հատկապես՝ ԱԺ խմբակցությունների հետ՝ հանուն մարդու իրավունքների պաշտպանության: Ա. Բեգլարյանը հակիրճ ներկայացրել է հաստատության ընթացիկ գործունեությունը և առկա հիմնախնդիրները՝ առանձնակի ուշադրություն դարձնելով կորոնավիրուսի համավարակով պայմանավորված սահմանափակումներին և երեխաների իրավունքներին առնչվող խնդիրներին:

«Արդարություն» խմբակցության անդամներն իրենց հերթին Պաշտպանի հետ փոխգործակցության պատրաստակամություն են հայտնել: Նրանք առաջադրել են մի շարք հարցեր և առաջարկություններ, որոնք վերաբերում էին հատկապես կրթության, տեղեկություններ ստանալու, արդար դատաքննության և աշխատանքային իրավունքներին:

Կողմերը պայմանավորվել են շարունակել փոխշփումները մարդու իրավունքներին առնչվող հիմնախնդիրների վերհանման և լուծման նպատակով:

-- 00—ՄՀ