ԱՀ ՄԻՊ-ը պատրաստել է Ադրբեջանի վայրագությունները ներկայացնող երրորդ զեկույցը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 8, 24News

1575547661_0_0_1828_1028_600x0_80_0_0_579f26efa54720d9d46b500ebbec06c1.jpg

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը պատրաստել է երրորդ փակ զեկույցը ադրբեջանական զինված ուժերի կողմից հայ զինծառայողների դիակների և ռազմագերիների հանդեպ անմարդկային վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ: Զեկույցն ուղարկվել է համապատասխան միջազգային կազմակերպություններին, դիվանագիտական ներկայացուցչություններին և իրավապաշտպան կազմակերպություններին:

Երրորդ զեկույցում ներկայացված են Արցախի և Հայաստանի Հանրապետությունների Մարդու իրավունքների պաշտպանների աշխատակազմերի կողմից հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 3-ը արձանագրված փաստերը հայ զինծառայողների դիակների և ռազմագերիների նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի կողմից կատարված տարբեր բնույթի պատերազմական հանցագործությունների վերաբերյալ:

Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ չնայած նախորդ երկու զեկույցներում բավարար ապացույցներ են ներկայացվել ադրբեջանական վայրագությունների վերաբերյալ, այնուամենայնիվ, միջազգային հանրությունը պատշաճորեն չի արձագանքել և դատապարտել դրանք: Անպատժելիությունն ու տեղի ունեցող պատերազմական հանցագործություները կանխելու միջազգային հանրության անկարողությունը պարարտ հող է ադրբեջանական կողմի համար առավել մեծ դաժանությամբ շարունակելու իր վայրագությունները Արցախի խաղաղ բնակչության, ռազմագերիների և զոհված զինծառայողների մարմինների նկատմամբ:

Մարդու իրավունքների պաշտպանը ևս մեկ անգամ կոչ է անում միջազգային հանրությանն իր պարտավորություններին համարժեք պատշաճորեն արձագանքելու նման դեպքերին և կանխարգելելու հետագա հնարավոր ոճրագործությունները:

--00--ԱՀ