Քանանյանը քիչ առաջ հայտարարեց հացադուլը դադարեցնելու մասին․ Արցախի ՄԻՊ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 4, 24News

արցախ

ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Ուրախ եմ, որ Ալեքսանդր Քանանյանի ու կառավարության միջև բանակցությունները վերջապես հասան իրենց ավարտին, ինչի արդյունքում մասնագիտական հանձնաժողովը այսօր գումարեց իր անդրանիկ նիստը, իսկ Ալեքսն էլ քիչ առաջ հայտարարեց հացադուլը դադարեցնելու մասին: Ենթադրում եմ, որ Մհեր Պողոսյանը նույնպես կդադարեցնի հացադուլը:

Ես շարունակելու եմ իմ լիազորությունների և մարդկային ու քաղաքացիական պատասխանատվության շրջանակներում աջակցել բնապահպանական և հարակից հիմնախնդիրների ուսումնասիրությանը և բարձրաձայնված մտահոգությունների փարատմանը:

Ակնհայտ է, որ այս խնդրի այդչափ հասունացումը պայմանավորված էր նաև կառավարության ու հանրության միջև երկկողմանի հաղորդակցության բացերով: Բոլորս պետք է գիտակցենք, որ ցանկացած տիպի հակամարտության հիմնական պատճառը սովորաբար լինում է ոչ պատշաճ հաղորդակցությունը, հետևաբար՝ դրանց լուծումն էլ ենթադրում է պատշաճ հաղորդակցության ապահովում: Ուստի, առաջին հերթին պետական մարմինները պետք է որդեգրեն ավելի ներառական մոտեցումներ հանրության հետ հաղորդակցության մեջ, իսկ հանրությունն էլ ցանկալի է սրտացավ նախաձեռնողականություն ստանձնի հիմնախնդիրների կանխարգելման, վերհանման ու պատշաճ լուծման հարցում: Այլապես անընդհատ ապրելու և աշխատելու ենք ռեակտիվ սկզբունքով՝ պրոակտիվի փոխարեն»: