ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 14, 24News
«Որքան էլ աներկբա է, որ մենք միակ երկիրը չենք, որտեղ ներսի տականքը տերերի պահանջով մեծ աղետ է բերում սեփական պետության ու ժողովրդի գլխին, այնուամենայնիվ դա մխիթարություն չէ, առավել ևս՝ փրկություն հնարավոր հերթական աղետից, եթե աղետաբեր տականքը չհեռացվի իշխանությունից:
Էլ ի՞նչ է պետք չհասկացողներին հասկանալու համար, թե ի՞նչ է տեղի ունեցել և ինչի՞ համար, թե ի՞նչ է կատարվում հիմա և ի՞նչ նպատակ ուներ այդ ամենը, և թե այդ ի՞նչ ուժեր են, ո՞վքեր են այս ամենի շահառուները, ինչպե՞ս են նրանք այսօր ևս խաղում իշխանատենչության մոլուցքով տարված ներսի տարբեր ուժերի հետ, ի՞նչ շահեր են հետապնդում մեր երկրում ու նաև ամբողջ տարածաշրջանում:
Ուզում եմ 2018-ի իշխանափոխության գործընթացում այս և այն կողմից բոլոր ներգրավվածներին և այսօր նորից ոգևորվածներին կրկին հարցնել՝ ի վերջո, ի՞նչ ստացաք մեզ մերժելով, ինչի՞ հասաք, հիմա ի՞նչ խնդիր եք լուծում տարբեր կողմերից դարձյալ կեղտոտ արշավ ձեռնարկելով իմ և մեր քաղաքական թիմի դեմ»,- իր ելությում նշել է Սարգսյանը․
«Որպես ՀՀ երրորդ նախագահ և Հանրապետական կուսակցության ղեկավար, ես վստահաբար ասում եմ, որ ամենից առաջ այսօր մեզ օդ ու ջրի պես անհրաժեշտ են պատվախնդրություն և հավատ, առաջին հերթին՝ սեփական ուժերի նկատմամբ։
Մենք իրավունք չունենք հուսահատվելու, հոգնելու, առավել ևս՝ ապրելու մեր սովորական, բնականոն կյանքով, քանի դեռ մեր երկրի ու ժողովրդի համար գոյաբանական վտանգը չենք չեզոքացրել հետևողական, համառ, ծանր աշխատանքի արդյունքում: Ոչ մի ժողովուրդ առանց այս ճանապարհն անցնելու հաջողության չի հասել»,- ընդգծել է նա:
--00—ՍՊ