ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 8, 24News
Կութ գյուղում կրակոցի ձայներ են լսվում, հատկապես գիշերային ժամերին, բարեբախտաբար, գյուղի ուղղությամբ կրակոցներ չկան, ամեն ինչ խաղաղ է։ Այս մասին 24News-ի հետ զրույցում նշեց գյուղի վարչական ղեկավար Գրիգորի Ավակյանը։
«Վերջին մեկ տարում կրակոցներ շատ հազվադեպ են եղել, բայց կրակոցներն ակտիվացել են։ Ինտենսիվությունը երկար չէ։ Գյուղում վնասված ինչ-որ շինություն կամ անասուն վիրավորում չի ստացել»,- մանրամասնեց նա։
24News-ը հետաքրքրվեց նաև Սյունիքի Խնածախ գյուղի ղեկավարից, արդյոք մարտի 30-ից հետո կրակոցները շարունակվո՞ւմ են, վարչական ղեկավար Սեյրան Միրզոյանը նշեց, որ ձայներ լսվում են, բայց գյուղի ուղղությամբ չեն կրակում։
Նշենք, որ ՀՀ ՊՆ-ի տեղեկացմամբ, մարտի 31-ին՝ ժամը 00:50-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տուն:
Ավելի ուշ Քննչական կոմիտեից 24News-ին տեղեկացրել էին, որ մարտի 30-ի լույս 31-ի գիշերը ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից Խնածախի ուղղությամբ կրակոցներ արձակելու դեպքի վերաբերյալ քննություն է իրականացվում։
«Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 44-155-րդ 2-րդ մասի 7-րդ եւ 15-րդ կետերով, 335-րդ հոդվածի 1-ին մասով: Նշանակվել են դատաձգաբանական և դատաապրանքագիտական փորձաքննություններ»։
Հերմինե Միքայելյան
--00—ԱՊ