ՀԿԿ նորանշանակ նախագահը ազատվում է սկանդալի կենտրոնում հայտնված պաշտոնյաներից. «Ժողովուրդ»
ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 17, 24News
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Հակակոռուպցիոն կոմիտեի գլխավոր քարտուղարը՝ Գերասիմ Մկրտչյանը, մինչ ազատման դիմում գրելը «կռիվ է տվել» եւ չի ցանկացել ազատվել պաշտոնից։
ArmLur.am-ը հայտնել էր, որ Կոմիտեում կադրային ջարդը սկսվել է, եւ նորանշանակ նախագահը ազատվում է կոմիտեի սկանդալային պատմության կենտրոններում հայտնված պաշտոնյաներից։
Տեղեկացանք, որ ազատվածներից մեկն էլ եղել է Հակակոռուպցիոն կոմիտեի գլխավոր քարտուղար Գերասիմ Մկրտչյանը, որը Կոմիտեի նախագահի որոշման դեմ ընդվզել է, չի ցանկացել ինքնակամ դիմում գրել եւ հեռանալ համակարգից, սակայն նրա դիմադրությունն արդյունք չի տվել:
Իրավապահ համակարգի՝ ArmLur.am-ի աղբյուրները չեն բացառում, որ Գերասիմ Մկրտչյանի պաշտոնանկության պատճառը, ենթադրաբար, փոխկապակցված է հայտնի «գազի բանդայի» հետ, որի մասին «Ժողովուրդ» օրաթերթը բացահայտումների շարք է ունեցել եւ հրապարակել:
Մասնավորապես հայտնել էինք, որ նախկին պատգամավոր Նահապետ Գեւորգյանն ու նրա երկու որդիները, ինչպես նաեւ ԱԺ նախկին պատգամավոր Կարո Կարապետյանի որդին՝ Վիլեն Կարապետյանը, խմբով կազմակերպված գազագողություն են կազմակերպել, եւ հարկային ծառայությունն անկարող է եղել վիճակը վերահսկել:
Մեր բացահայտումներից հետո 33 գազալցակայաններ փակվեցին ու չեն գործելու մինչեւ նախաքննությունն ավարտվի»։
–00—ՍՊ