Մինչև 2018-ը մենք ունեցել ենք 0․ ՔՊ պատգամավոր․ «Հրապարակ»
ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 17, 24News
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Վիլեն Գաբրիելյանի փոխարեն պատգամավոր դարձած Արտյոմ Մեհրաբյանին, որը մի կարճ շրջան ղեկավարել է Ռազմարդյունաբերության կոմիտեն, հարցրինք՝ ինչո՞ւ ազատվեց այդ պաշտոնից։ «Ես ազատվել եմ իմ դիմումի համաձայն»: Ինչո՞ւ։ «Ուղղակի ուզեցի հեռանալ»: Ինչո՞ւ, որովհետեւ չգործող կառո՞ւյց էր, քանի որ մեզ ռազմական արդյունաբերություն պետք չէ` Ալիեւը պահանջում է ՀՀ բանակն ապառազմականացնե՞լ։ «Ոչ, ոչ, այդ ժամանակ, ընդհակառակը` մենք ունեցել ենք շատ լավ արդյունք»: Իսկ հիմա՞։
«Հիմա էլ շարունակվում է, նման բան չկա, թե մենք չենք զինվում, ես չեմ կարող շատ փակագծեր բացել, բայց այն, ինչ Դուք ասում եք, գոյություն չունի։ Ավելին՝ ես կարող եմ ասել, որ Հայաստանը մինչեւ 2018-ը երբեւիցե ռազմարդյունաբերության մասով այդքան աշխատանքներ չի արել, ինչ անում է դրանից հետ, մինչ այդ մենք ունեցել ենք զրո, իսկ հիմա ունենք հզոր ռազմարդյունաբերություն»: Զրո՞, համենայնդեպս, այնքան զենք ենք ունեցել, որ 44 օր կռվել ենք։ «Ես ռազմարդյունաբերության մասով եմ ասում, գուցե ներմուծված զենքով են կռվել»:
Բա իշխանությունն ասում է` անպետք զենք են գնել։ «Կներեք, ես շատ զբաղված եմ»,- հիշեց ՔՊ-ականը` նետվելով իր աշխատասենյակ։
–00—ՍՊ