Ո՞ւմ վրա եք թողնում մեր մշակութային կոթողների գույքի պաշտպանությունը․ դիմում միջազգային կառույցներին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 10, 24News

ար

Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի դուրսբերումը Լեռնային Ղարաբաղից՝ Արցախի բնիկ ժողովրդի իրավունքների խախտման շղթայի  հերթական օղակի անտեսումն է միջազգային կազմակերպությունների կողմից: ԿԽՄԿ, ՄԱԿ, ԵԱՀԿ, ԵՄ, ԵԽ, որ այդքան հաճախակի շրջանառում են մարդու իրավունքների պաշտպանության և հումանիտար արժեքների առաջնահերթությունը, իրականում հերթական անգամ հրաժարվում են գետնի վրա պաշտպանել արցախցիների իրավունքները:

«Մենք կանք» նախաձեռնությունը դիմում է ԿԽՄԿ ղեկավարությանն ու  միջազգային մյուս կառույցներին մեկ հարցադրմամբ՝ ո՞ւմ վրա եք թողնում մեր հուշարձանների, եկեղեցիների, մշակութային կոթողների, գերեզմանների, գույքի պաշտպանությունը: «Սև խոռոչի» վերածված Լեռնային Ղարաբաղում, որտեղ չկա միջազգային որևէ վերահսկողություն և դիտորդական  առաքելություն, աշխարհի աչքի առաջ վերախմբագրվում է տարածաշրջանի ազգերի պատմությունը։

Ադրբեջանը շարունակում է հետևողականորեն ոչնչացնել հայկական ժառանգությունը՝  բացառելու համար հայերի վերադարձը Հայրենիք: Միջազգային բոլոր կառույցներն իրենց հանցավոր լռությամբ մասնակից են դառնում մեզ Հայրենիքից զրկելու այդ գործընթացին:

Մեր պահանջը ԿԽՄԿ, ՄԱԿ, ԵԱՀԿ, ԵՄ, ԵԽ և մյուս կազմակերպություններից՝ տե՛ր կանգնեք ձեր իսկ կողմից հռչակած արժեքներին ու պաշտպանե՛ք Արցախի բնիկ ժողովրդի անքակտելի իրավունքները: Ստեղծե՛ք մոնիտորինգային առաքելություններ, դիտորդական խմբեր ուղարկեք, Ստեփանակերտում բացե՛ք ներկայացուցչական գրասենյակներ և ձեր աչքերով տեսեք այն գազանությունները, որոնք շատ հեռու են «խաղաղության օրակարգից»:

ԿԽՄԿ առաքելությունը հանդիսանում է ոչ միայն կյանքերի պաշտպանության երաշխավոր, այլ նաև՝ պատերազմներից տուժած մարդկային արժանապատվության պաշտպան: Մեր արժանապատվությունն այսօր անգամ հեռավար է ոտնահարվում Արցախում:  Հանցագործությունների գործակից մի դարձեք, գործեք միջազգային իրավունքի նորմերին համապատասխան։

--00—ԼՀ